Սև ծովում հայտնաբերվել են Սիրիա ուղևորվող և աղետի ենթարկված ռուսական «Տու-154»-ի բեկորները. ինքնաթիռում գտնվել է 91 մարդ
Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ պաշտպանության նախարարության «Տու-154» ինքնաթիռի բեկորները, հայտնում է ռուսական lenta.ru-ն:
Ինքնաթիռը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 25-ի առավոտյան:
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչիի լողափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա՝ 50-70 մետր խորության վրա, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:
Փրկարարները նշում են, որ ուղևորները փրկվելու գրեթե ոչ մի շանս չեն ունեցել: Սև ծովի ավազանում չեն դիտվում նշաններ, որ ողջ մնացածներ կան: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռը աղետի ազդանշան չի արձակել:
Ինքնաթիռում գտնվել է 83 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Ուղևորների մեծ մասը Ալեքսանդրովի անվան անսամբլի երաժիշտներ էին, որոնք պետք է ելույթ ունենային Սիրիայում ռուս զինծառայողների համար:
Ինքնաթիռում գտնվել են զինծառայողներ, նաև ռուսական «Առաջին ալիքի» և «Զվեզդա» հեռուստաալիքի մի քանի լրագրող:
«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան: Այն ռադարների էկրաններից անհետացել էր թռիչքից 20 րոպե անց: