«Ես ունեցել եմ ընդամենը սիմվոլիկ ֆունկցիաներ». Վիկտոր Դալլաքյան

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր տեղի ունեցած «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ եթե համարում եք, որ 2012թ. ընտրությունները կեղծված էին, ապա ինչո՞ւ կեղծված ընտրություններից հետո գնացիք Բաղրամյան 26 ու պաշտոն զբաղեցրիք, ասաց, որ հոկտեմբերին իր հրաժարականի առիթով կազմակերպված ասուլիսի ժամանակ հանգամանորեն ներկայացրել է այդ ամենը.

«Ես կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, որ՝ կրկնությունը գիտության մայրն է: Ես շատ հստակ այդ հարցերի պատասխանները տվել եմ, թե ինչ է տեղի ունեցել 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում: Ես չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, դրանով պետք է զբաղվի ՀՀ գլխավոր դատախազությունը: Սերժ Սարգսյանի հրավերն ընդունել եմ, որովհետև կա քարերը հավաքելու և դրանք նետելու ժամանակը: Եվ երկրորդ՝ ՀՀ նախագահի ներկայացուցիչն ԱԺ-ում ունի ընդամենը մեկ ֆունկցիա՝ նա տեղյակ է պահում աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին՝ ԱԺ-ում քանի պատգամավոր կա և այդ պատգամավորների ելույթների հերթականությունը: Այսինքն՝ ես ունեցել եմ ընդամենը սիմվոլիկ ֆունկցիաներ»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու դեպքում նրա հետ համագործակցություն հնարավո՞ր է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ես այդ հարցին կանդրադառնամ այն դեպքում, եթե Ծառուկյանի կողմից կլինի կոնկրետ հայտարարություն՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ: Այժմ ես աննպատակահարմար եմ համարում տեղի չունեցած բանի վերաբերյալ գնահատականներ տալ: Երբ Ծառուկյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, ես կտամ համարժեք գնահատականներ դրան»:

Հարցին՝ առաջարկում էիք հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Մարտի 1-ի դեպքերը պարզելու համար, և հայտնի է, որ դրանց հետ կապում են Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի անունները, դիսկոմֆորտ չի՞ զգում նրանց հետ համագործակցությունից, նա պատասխանեց. «Եթե մեր կուսակցության ծրագրում ամրագրված է, որ մենք ունենք համապատասխան մոտեցումներ այդ իրադարձությունների նկատմամբ, ապա մենք որևէ կաշկանդվածություն չունենք, մասնավորապես՝ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու»:

Այնուհետև նա հիշեցրեց իր կենսագրությունն ու ասաց, որ երբեք որևէ պաշտոն չի զբաղեցրել:

 

Տեսանյութեր

Լրահոս