ՀՀԿ խորհրդի նիստի օրը դեռևս հայտնի չէ
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀԿ խորհրդի նիստ անցկացնելու մասին հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Խորհրդի նիստի հետ կապված քննարկում չի եղել, մենք խորհրդի նիստ հրավիրելու ժամկետային սահմանափակում չունենք: Այս պահին այդ մասով որևէ որոշում չկա, եթե լինի, կտեղեկացնեմ», «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը` ավելացնելով, որ նիստում անդրադարձ է կատարվել ներքաղաքական, ներկուսակցական հարցերի, ինչպես նաև ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգին:
Ավելի վաղ Շարմազանովը նշել էր, որ ՀՀԿ խորհրդի նիստում կընտրվեն կուսակցության նախագահի առաջին տեղակալը, տեղակալները, հանձնաժողովների նախագահները։ «Այս պահին առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է»,- ասել էր Շարմազանովը: