Լարսի անցակետում արտահանման խնդիրների հետ կապված ԳՆ-ն ահազանգներ չի ստացել
Լարսի ավտոճանապարհը բաց է. Հայաստանից արտահանելու մասով խնդիրներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով` ժամանակային առումով դեպի Հայաստան եկող ճանապարհային խնդիր կան: «Ժամանակ առ ժամանակ բացում են հետո փակում»,- ասաց Մակարյանը:
Անդրադառանալով Լարսի անցակետով արտահանման հետ կապված վնասներին՝ նա նշեց, որ այդպիսի ահազանգեր դեռ չեն ստացել:
Մթերումների հետ կապված հայեցակարգի մասով Մակարյանը նշեց, որ այն շրջանառության մեջ է և մինչև 2017 թվականի մթերման սեզոնի սկսվելը կոնկրետ քայլեր ու մեխանիզմներ կլինեն, որպեսզի թե՛ մթերման աշխատանքները նորմալ իրականացվեն, թե՛ վճարման խնդիրները:
«Սակայն ինչ էլ անի պետությունը, եթե գյուղացին՝ որպես պայմանգրի մի կողմ, չլինի իրավագիտության այն մակարդակին, որպեսզի ինքնուրույն կարողանա պաշտպանել իր շահերը, ապա աշխատանքներն անարդյունք են լինելու»,- հավելեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: