Ազգային անվտանգության մարմինների ծառայողների աշխատանքը պահանջում է հատուկ խառնվածք և հաստատուն կամք. ՀՀ ԱԱԾ տնօրեն
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Մասնագիտական տոնի առթիվ այսօր Ազգային անվտանգության ծառայությունում հրավիրվել էր հանդիսավոր նիստ, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը և հանդիսավորությամբ դահլիճ բերվեց ԱԱԾ դրոշը: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ընթերցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը.
«Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ
Շնորհավորում եմ ձեզ և համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մեր ժողովուրդն իրավամբ ակնածանքով է վերաբերվում ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներին, քանզի դուք եք մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանը: Ձեզ բաժին հասած առաքելությունը դուք կատարում եք պատասխանատվության բարձր զգացումով և Հայրենիքին անսահման նվիրվածությամբ:
Դա հատկապես տեսանելի է այսօր, երբ մեր երկրի առաջ կանգնած արտաքին մարտահրավերները թուլացման միտում չեն դրսևորում, իսկ հարևան պետության թշնամական վերաբերմունքը շարունակաբար ավելի խիտ երանգներ է ստանում:
Անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր մեր նորագույն պատմության մեջ:
Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենը ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած և պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը:
Այս և տարվա ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումները, իրականացնելով իրենց գործառույթները, դրսևորեցին պահանջվող պատրաստվածություն, թույլ չտվեցին, որպեսզի կատարված ոտնձգությունները մեր պետականության և սահմանադրական կարգի համար առաջացնեն անդառնալի հետևանքներ:
Այս պայմաններում դուք նաև ամենօրյա աշխատանք եք իրականացնում փոփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելու հետ կապված միջոցառումների անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Ձեր կատարած աշխատանքը, համակարգի առջև դրված խնդիրների լուծման ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր մոտեցումը վստահություն են ներշնչում, որ դուք նույն ոգով կշարունակեք մասնակցել երկրի առջև ծառացած սպառնալիքների հաղթահարմանը, հասարակության անվտանգ ու բարեկեցիկ առօրյայի ապահովմանը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի փառս մեր ժողովրդի և պետության անվտանգության:»
Մասնագիտական տոնի առթիվ աշխատակիցներին շնորհավորական խոսքով դիմեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը: Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է Հայրենիքի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, հանցավորության դեմ պայքարի առաքելությունը և այսօր, առավել քան երբևէ, այդ առաքելությունը ԱԱԾ աշխատակիցներից պահանջում է զգոնություն, հաստատակամություն և անմնացորդ նվիրում:
Այս առաքելության կարևորության և արդարացիության հանդեպ անբեկանելի հավատն է, որ պետք է ուղղորդի Ազգային անվտանգության ծառայության աշխատակցին իր ամենօրյա դժվարին, հաճախ հանրության համար անտեսանելի գործում, գործ, որի հաջողության գինը, որքան էլ բարձրագոչ հնչի, երբեմն սեփական կյանքը կարող է լինել: Գեորգի Կուտոյանն իր ելույթում ընդգծեց. «Շուրջ մեկ տարվա ընթացքում մենք անցել ենք հարաբերականորեն կարճ, բայց բուռն և բազմաբնույթ իրադարձություններով լի ճանապարհ՝ սկսած ապրիլյան պատերազմից, վերջացրած ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շուրջ ձևավորված իրավիճակի համեմատաբար խաղաղ հանգուցալուծումով:
Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացանք դիմակայել լուրջ մարտահրավերների: Ուստի տոնական առիթն օգտագործելով ցանկանում եմ այս անգամ արդեն հրապարակայնորեն իմ խորին շնորհակալությունը հայտնել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողներին, ովքեր բոլորիս համար դժվար և ծանր պահերին կարողացան դրսևորել իրենց լավագույն որակներն ու ապացուցել, որ այս աշխատանքը պահանջում է հատուկ խառնվածք և հաստատուն կամք:»
Այնուհետև տնօրենն իր ելույթում ամփոփեց անցնող տարվա ընթացքում ՀՀ ԱԱԾ կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները և նախանշեց հետագա անելիքները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, Հայրենիքի անվտանգության ապահովման գործում նշանակալի ձեռքբերումների համար ՀՀ Նախագահի հրամանագրերով ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Արիության և Մարտական ծառայության մեդալներով:
Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ արժանացան ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի, ինչպես նաև գործընկեր գերատեսչությունների ղեկավարների պատվոգրերի և մեդալների:
Ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական արդյունքների համար ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին կրծքանշաններով, մեդալներով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն