Բաժիններ՝

Արթուր Ղուկասյանը՝ օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր

Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր: Նրան այսօր ներկայացնելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ միակ նպատակը թատրոնի և՛ ստեղծագործական, և՛ կառավարման համակարգն առողջացնելն է.«Սա ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ թերագնահատել նախկիններին, ո՛չ: Առավել քան վստահ եմ, որ ցանկացած ղեկավար իր ժամանակի մեջ անում է հնարավորությունների առավելագույնը: Առավել ևս՝ Օպերային թատրոնի ղեկավարները, որոնք բոլորն էլ եղել են իմ պատվելի ընկերները, մեծ անուն ու վաստակ ունեցող մարդիկ: Այսօր էլ թատրոնը ղեկավարում են իմ երկու լավ բարեկամները՝ տնօրեն Անդրանիկ Արզումանյանը և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը. օպերային արվեստում, իսկապես, մեծ կարողությունների տեր մարդ, որին ես հավատում եմ:

Այդուհանդերձ, մինչև միջազգային ցանկալի արդյունքին հասնելը, մենք ունենք ստեղծագործական, կառավարման և փիարի խնդիրներ, որոնք ներսում ինքներս պետք է լուծենք: Եվ պարոն Արզումանյանի հետ միասին հրավիրել ենք Արթուր Ղուկասյանին՝ թատերական արվեստում բավական հայտնի մարդ, որը տարիներ շարունակ կազմակերպել է Հայաստանում լավագույն թատերական փառատոները, ներկայացումները: Համոզված եմ, որ օպերային թատրոնում որպես գլխավոր պրոդյուսեր նրա աշխատանքի արդյունքը կլինի այն երանելի պատկերը, որը երկար ժամանակ ուզում ենք ունենալ»:

Արթուր Ղուկասյանն ասաց, որ օպերային թատրոնում կփոխվի ոչ թե կառավարման ձևաչափը, այլ այն կփորձեն առավել համահունչ դարձնել 21-րդ դարի աշխարհում գործող առաջատար թատրոնների ոգուն: «Ես ունեմ փորձ՝ ստեղծելու և ղեկավարելու Հայաստանի գլխավոր թատերական փառատոնը: Հայաստանում մենք չունենք մրցակիցներ: Մեր մրցակիցներն են, օրինակ, Զագրեբի, Բրատիսլավայի փառատոները: Մենք փորձում ենք լինել նրանցից լավը՝ ունենալով շատ փոքր բյուջե: Նույն վիճակն է մեր օպերային թատրոնում: Այն թիվ մեկն է, որովհետև մեր ազգային ակադեմիական թատրոնն է: Այս դեպքում ևս մեր մրցակիցը ոչ թե Հայաստանում է, այլ՝ Հայաստանից դուրս: Ես կարծում եմ, որ բոլորս միասին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կներկայանանք նոր ծրագրերով»:

Արթուր Ղուկասյանը ծնվել է 1972 թ., Երևանում: 1988-92թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետում,1989թ.՝ Լոնդոնի «Սիթի» համալսարանում և Ժամանակակից արվեստների ինստիտուտում, 1999թ.` Ամստերդամի համալսարանում, 2001-ին` Զալցբուրգի Մենեջմենթի և մեդիայի ակադեմիայում: Ունի մասնագիտական հարուստ փորձ:

ՀՀ մշակույթի նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս