«Սիրիա-Ռուսաստան-Իրան հաղթանակը Հալեպում կհանգեցնի ռադիկալների՝ Ալ-Քաիդայի և ԴԱԻՇ-ի ամրապնդմանը Սիրիայում». Վիգեն Չետերյան

168.am-ի զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան, արևելագետ Վիգեն Չետերյանը

– Վերջին մեկ ամսվա ընթացքում բեկումնային զարգացումներ գրանցվեցին սիրիական հակամարտության թատերաբեմում, որոնց արդյունքում Հալեպը հայտնվեց սիրիական բանակի վերահսկողության տակ։  Ի՞նչ է նշանակում Ասադի և Ասադին հարող ուժերի հաղթանակը Հալեպում, և սա որքանո՞վ վերջնական հանգրվան կարող է դառնալ սիրիական հակամարտության հարցում։

– Հալեպի ռազմական զարգացումները շատ կարևոր հանգրվան են սիրիական պատերազմի հետագա ընթացքի համար։ Սա նախ՝ հաղթանակ էր Բաշար ալ Ասադի և իր դաշնակիցների համար։ Առաջին հերթին՝ ինձ համար այս հաղթանակի քաղաքական հետևանքները դեռ պարզ չեն, այսինքն՝ հստակ չէ, թե այս հաղթանակն ինչպես կարտացոլվի քաղաքականության մեջ։ Պարզ չէ նաև, թե ինչպես են այն երեք կարևոր ուժերը, որոնք  պայքարեցին Արևելյան Հալեպը վերցնելու համար, խոսքը սիրիական  բանակի և իր դաշնակիցների, Իրանի և  իր դաշնակիցների, Ռուսաստանի մասին է,   բաժանելու այս հաղթանակը միմյանց միջև։

Երկրորդ դիտարկումս հետևյալն է՝  Հալեպի ռազմական զարգացումներն արդյունք են ռուս-թուրքական համաձայնության, չեմ կարծում, որ ռուս դեսպանի սպանությունը Թուրքիայում որևէ կերպ այս համաձայնությանը  խոչընդոտի, ավելին, սպանությունը  պարզապես ահաբեկչական գործողություն էր, որը  լուրջ քաղաքական կոնտեքստից դուրս է, ըստ իս։ Ամառվանից ի վեր կա շատ հստակ համաձայնություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ բաժանելու Հյուսիսային Սիրիայի  ազդեցության ոլորտները:

Ապստամբների  պարտության հարցում Թուրքիան մեծ դերակատարություն ունի, քանի որ Թուրքիան զինյալ ուժերին դուրս բերեց Հալեպից  և ուղղեց ԴԱԻՇ-ի դեմ, թուրքական  այս որոշումն ազդեց Արևելյան Հալեպում այդ ուժերի ներկայացվածության վրա՝ հանգեցնելով թուլության։ Կարևոր է նաև շեշտել, որ Հալեպի այս զարգացումներն արդյունք են ապստամբ ուժերի շարքերում առաջացած տարաձայնությունների և իրենց ներքին  խնդիրների։ Երբ մենք խոսում ենք ապստամբների  մասին, խոսքը հարյուրավոր  խմբերի մասին է։

Միայն Արևելյան Հալեպում ներկայացված էին 53 տարբեր խմբավորումներ, որոնք բաժանված էին գաղափարապես և ռազմաքաղաքականապես։ Այդ ուժերը չկարողացան որևէ ձևով համախմբվել, մեկ ճակատ ստեղծել։

Նոյեմբերի վերջին շաբաթներին և դեկտեմբերի սկզբին,  Հալեպում իրենց պարտությունից օրեր առաջ, այդ խմբավորումները լուրջ  տարաձայնությունների մեջ էին, մի  կողմից՝ տարաձայնություններ կային Ալ Նուսրայյի  և իր դաշնակիցների, մյուս կողմից՝  նախկին ազատ  բանակի մնացորդների միջև։ Կարծում եմ, որ Հալեպի ռազմական զարգացումներն ամբողջությամբ քայքայեցին սիրիական այն միջին ուժերին, որոնք կային  սիրիական ընդդիմության շարքերում, ինչը կհանգեցնի  ռադիկալների ամրապնդմանը։

– Սա ի՞նչ նոր զարգացումների առիթ կդառնա։ Սրան զուգահեռ՝ ևս մեկ հարց՝ փաստորեն, զինյալները Ռուսաստան-Սիրիա-Իրան հաղթանակին Հալեպում պատասխանեցին՝ վերանվաճելով Պալմիրան։ Սա ի՞նչ ազդանշան էր։

– Ռադիկալների ուժեղացումը նշանակում է, որ սիրիական հակամարտությունում որևէ քաղաքական համաձայնություն չի լինելու մոտ ժամանակներս, ոչ էլ մեկ-երկու տարվա ընթացքում։ Հստակ է նաև այն, որ Սիրիայի պայքարը չի կարող  ավարտվել միայն ռազմական ուժի կիրառմամբ։ Ի վերջո, բացի ռադիկալներից,  հանրությանն անհրաժեշտ է  Դամասկոսում քաղաքական  ղեկավարություն, թե ինչպիսին կլինի այդ քաղաքական ձեռքը, պետք է բանակցությունների միջոցով որոշվի։

Բայց այսօր Հալեպի զարգացումները ցույց են տալիս, որ հարվածելով միջին ուժերին, նրանց ամբողջությամբ դաշտից դուրս բերելով՝ դաշտի վրա մնում են մի կողմից՝ սիրիական վարչակազմը, որը դեմ է բոլոր տեսակի երկխոսություններին և չի ցանկանում ոչ մի փոփոխություն սիրիական ներքին քաղաքական  համակարգում, մյուս կողմից՝ մնում է  Ալ-Քաիդան, իսկ մյուս կողմից՝ ԴԱԻՇ-ը, որոնք կրկին ոչ մի երկխոսության  պատրաստ չեն։ Սիրիական պայքարում պատերազմից հինգ տարի անց մնացին այն ուժերը, որոնք միայն պատերազմի կողմնակից են և որևէ քաղաքական լուծման կողմնակից չեն։ Սա պարզ է, թե ինչի է հանգեցնելու։

Հարցի երկրորդ մասի վերաբերյալ՝ նույնիսկ այդ մեծ դաշնակցությունը, որը կա սիրիական բանակի, իրանական և  ռուսական ուժերի միջև, չի կարող ողջ Սիրիան իր ազդեցության տակ պահել։ Այս երեք   ուժերի կենտրոնացումը Հալեպում ցույց տվեց, որ  թուլացվեցին այլ ճակատներ, որն առիթ դարձավ, որպեսզի ԴԱԻՇ-ը վերցնի Պալմիրան և Պալմիրայի շուրջ  մի  շարք ռազմական կենտրոններ գրավի, ինչի ականատեսը դարձանք  թվիթերյան մի շարք գրառումներով և լուսանկարներով։ Այսինքն՝ ի վերջո,  սիրիական բանակի ու իր դաշնակիցների  ուժերը շատ սահմանափակ են, չնայած մեծ հաղթանակ տարան Հալեպում։ Սա միանշանակ  վերջին հաղթանակն ու հանգրվանը չէ։

– Արևմուտքի դիրքորոշումն այս զարգացումներին ինչպիսի՞ն է լինելու առաջիկա ամիսների ընթացքում, հաշվի առնելով նաև այն, որ Թրամփի վարչակազմն է շուտով  սկսելու իր աշխատանքը։  Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս այն կդրսևորի իրեն Սիրիայում։

– Թրամփը կշարունակի Օբամայի քաղաքականությունը և մեկ քայլ ավելի հեռուն կգնա։ Օբամայի  համար սիրիական պայքարը կարևոր  չէր, նա այնտեղ  չէր տեսնում ամերիկյան շահ, չէր կարծում, որ ԱՄՆ-ը լուրջ դերակատարություն պետք է ստանձնի Սիրիայում։ Միակ քաղաքականությունը, որը ստանձնել էր ԱՄՆ-ը, դա փորձն էր՝  ղեկավարել այդ պայքարը, որպեսզի այն որոշ սահմաններից դուրս չգա։ Իսկ Թրամփն  այսօր պարզապես պետք է հավանաբար կասեցնի, պակասեցնի այն օժանդակությունը, որը հասցնում էր որոշ միջին ուժերին ապստամբների շարքերում, որոնք այսօր  շատ թուլացած են։ Թրամփի քաղաքականությունը միայն  գաղափարական չէ, այն արտացոլելու է այն ամենը, ինչը կատարվում է ռազմադաշտում։ Մյուս կողմից՝  այսօր կարևորություն տալ արևմտյան դերակատարությանը՝ սխալ կլինի, քանի որ Արևմուտքը շատ մեծ դերակատարություն չի խաղում  այս հակամարտությունում: Նույնիսկ այն օգնության, որը հասնում էր ապստամբներին, իրական  աղբյուրն Արևմուտքը չէր, Արևմուտքը պարզապես  փորձում էր սահմանափակել այդ օգնության որակը՝ որոշ զենքեր արգելելով։ Իսկ այդ զենքերի իրական աղբյուրները երեքն են՝ Թուրքիա, Սաուդիան Արաբիա և Քաթար։

– Վերադառնանք Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի դաժան սպանությանը Թուրքիայում։ Ասացիք, որ դեսպանի սպանությունն ահաբեկչություն էր։ Այնուամենայնիվ, ո՞ւմ էր պետք այդ սպանությունը։

– Կարծում եմ, որ այդ սպանությունը Թուրքիայի ներքաղաքական հակասությունների հետևանք էր։ Թուրքիան, մասնավորապես՝ Էրդողանը,  չորս տարի շարունակ բարձրաձայնում էր, որ Բաշարի վարչակազմը պետք է հեռանա, Սիրիայում պետք է  հեղաշրջում  տեղի ունենա, ապա վատթարացան այդ պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները, խոցվեց  ռուսական կործանիչը,  իսկ ամառվանից այդ քաղաքականությունը  կտրուկ կերպով փոխվեց. Էրդողանն այլևս չի խոսում Բաշարի հեռացման մասին, նոր  պայմանավորվածություններ են մշակվում Ռուսաստանի հետ, և Հալեպի զարգացումների վերաբերյալ Էրդողանն ընդհանրապես լուռ մնաց, բայց Թուրքիայի  հանրային կարծիքը նա արդեն հրահրել էր, այնտեղ շատ ուժեր կան, որ  հակաարևմտյան, հակառուսական մթնոլորտում են։ Նրա սերմանած քաղաքականությունը չի վերացել, այդ տրամադրությունները պահպանվում են։ Ուստի այս ահաբեկչական արարքը, ըստ իս, պետք է  դիտարկվի այդ հակասությունների հողի վրա։

 

Տեսանյութեր

Լրահոս