
Հայաստանը հետխորհրդային տարածքի ամենաազատական երկրներից է. ՀՀ վարչապետ

Հայաստանի համար օտարերկրյա ուղղակի ներդրումները խիստ կարևոր են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը fdiintelligence.com կայքին տված հարցազրույցում:
Կառավարության ղեկավարի խոսքով` այդ ներդրումները կարևոր են ոչ միայն տնտեսական աճի համատեքստում, այլև նոր մենեջմենթի մշակույթ ներդնելու ու երկրի բաց լինելու հանգամանքը ի ցույց դնելու, որը կարող է նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը:
«Ինչ վերաբերվում է սեփականաշնորհմանը, ապա ես կարծում եմ, որ Հայաստանը հետխորհրդային տարածքի ամենաազատական երկրներից մեկն է: Իրականում շատ քիչ պետական սեփականություն կա: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ մասնավոր մենեջմենթը մշտապես ավելի լավ է, քան պետականը: Այն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնում է արդյունավետությունը և այլն: Հենց այդ պատճառով էլ մեր նպատակն է սեփականաշնորհել այն ամենը, ինչ ունի բիզնես տարամաբանություն, բացի շատ բացառիկ ոլորտներից, ինչպես օրինակ անվտանգությունը և պաշտպանությունը»,- շեշտել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը նաև շեշտում է, որ ՏՏ ոլորտը շատ հետաքրքիր է և գրավիչ. այն ունի հսկայական ներուժ և հնարավորություններ: Ըստ գործադիրի ղեկավարի` օտարերկրյա ներդրումների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ են նաև գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը և այլն: