
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հալեպում դիտորդական առաքելության վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Հալեպի արևելյան հատվածում տարհանման և բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու գործընթացների նկատմամբ միջազգային դիտորդական առաքելություն սահմանելու հարցում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, փաստաթղթի կոմպրոմիսային տարբերակն առաջարկվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ գործունեության արդյունքում: Բանաձևը հանձնարարում է կազմակերպության գլխավոր քարտուղարին համապատասխան պայմաններ ստեղծել, այդ թվում` ապահովել շահագրգիռ կողմերի միջև խորհրդատվություններ, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնեն համապատասխան վերապատրաստում անցած մասնագետներ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել էր, որ ամենայն հավանականության առաքելությունը կիրականացնեն ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի շուրջ 100 աշխատակիցներ: