«Ի՞նչ է նշանակում այդ լուծման ճանապարհը. հետ հանձնել ի՞նչը՝ արյո՞ւնը, մարդկա՞նց». Վարդան Բոստանջյան

«Բոլոր միավորումները, եթե գաղափարական սկզբունքի վրա են, դրական երևույթներ են՝ անկախ նրանից՝ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանամետ: Կոնկրետ այդ երեք ուժերի միավորումը, եթե գաղափարական սկզբունքի վրա էլ չէ, փորձում են բերել դրան»,- այսօրվա ասուլիսին անդրադառնալով երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան», միացյալ դաշինքին, նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս ողջունեց ստեղծված դաշինքը. «Նրանք հայրենասեր մարդիկ են: Նման միությունը մեծ բան է քաղաքական մենաշնորհի կասեցման առումով: Սա հենց իշխանության մատնանշած հակակշիռն ունենալու քայլերից մեկն է»:

Ասուլիսի բանախոսներն անդրադարձան նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ Լևոն Տեր-Պետորոսյանը միշտ էլ այդ կարծիքին է եղել. «Իր կարծիքն իրավունք ունի գոյություն ունենալու, որովհետև մարդը սկզբունքորեն այդ կարծիքին է, ու անգամ քննադատություններից հետո այն չի փոխում: Անկախ նրանից՝ մենք համաձա՞յն ենք, թե՞ ոչ, եթե մարդը չի փոխում իր կարծիքը, այդ կարծիքը պետք է գոյություն ունենա»:

Իսկ Վարդան Բոստանջյանը նշեց, որ առաջին նախագահին դժվարությամբ է հասկանում. «Այս պահին ասում են՝ լուծման ճանապարհներ, բայց ի՞նչ է նշանակում այդ լուծման ճանապարհը. հետ հանձնել ի՞նչը՝ արյո՞ւնը, մարդկա՞նց»:

Կառավարության գործունեության և վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման վերաբերյալ բանախոսներն ունեին միևնույն կարծիքը: Վարդան Բոստանջյանի խոսքով՝ դրական միտումները սկսել են զգացնել տալ:

«Կարծես թե հասարակության մեջ բավականաչափ նկատելի է, որ դրական միտումներ կան, որ մեր երկիրը դուրս կգա ոչ ցանկալի վիճակից: Ի տարբերություն այլ որոշում կայացնողների՝ նոր կառավարությունն ախտորոշեց, որ երկրի վիճակը լավագույններից չէ: Իսկ ցանկացած խոստովանություն նշան է մի բանի, որ պատրաստակամություն կա ճիշտ ուղիով գնալու»,- ասաց նա:

Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով էլ՝ մինչ այսօր ամեն ինչ ճիշտ է արվել. «Եթե շարունակվի նման գործելաոճը, ապա հասարակության կողմից հավատն ավելի կմեծանա»:

Տեսանյութեր

Լրահոս