Հրապարակվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան այցի ծրագիրը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Հայաստան, Ղազախստան և Ղրղըզստան՝ հայտնում է APA գործակալության թեհրանյան բյուրոն:
Իրանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության ղեկավար Փարվիզ Իսմայիլին հայտնել է, որ այցը կկայանա դեկտեմբերի 21-ին: Վերջինիս խոսքով՝ Իրանի նախագահը Հայաստան է այցելելու երկկողմ կապերի խորացման նպատակով։
Մեկօրյա այցի ընթացքում Հասան Ռոուհանին կհանդիպի Հայաստանի նախագահի հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։ Սպասվում է նաև համագործակցության հարցով համաձայնագրերի ստորագրում, ինչպես նաև բիզնես-ֆորումի անցկացում: Իրանի նախագահին կուղեկցեն նաև մի քանի նախարարներ և մասնավոր ընկերությունների ղեկավարներ:
Հայաստանից հետո Իրանի նախագահը կմեկնի Ղազախստան: Այդ այցի շրջանակում նույնպես սպասվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Դեկտեմբերի 22-ի երեկոյան Ռոուհանին կուղևորվի Ղրղըզստան: Բիշքեկում ևս տեղի կունենա երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող փաստաթղթերի ստորագրում: Իրանի նախագահի շրջագայությունը կավարտվի դեկտեմբերի 23-ին: