Տեր-­Պետրոսյանը պետք է նշեր, որ Ադրբեջանն է խոչընդոտում խաղաղության հաստատմանը. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-­րդ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր­-Պետրոսյանի ելույթը: «Արմենպրես»­-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, որ Տեր­Պետրոսյանի ելույթը ընդդիմադիր գործչի ելույթ էր, որը զերծ էր ռադիկալ գնահատականներից: «Ելույթում կային գնահատականներ, որոնց հետ ես համամիտ եմ և կան գնահատականներ, որոնց հետ կապված ես չեմ կիսում հարգարժան առաջին նախագահի կարծիքը:

Բնականաբար, համամիտ եմ այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում: Համամիտ եմ այն թեզի հետ, որ մենք պետք է քարոզենք խաղաղություն տարածաշրջանում, այլ ոչ թե պատերազմ: Համամիտ եմ այն թեզի հետ, որ այսօրվա բերված փաստաթուղթը կարելի է բանակցել և դրանով հասնել խնդրի լուծման: Երբ Տեր­-Պետրոսյանն ասում է, որ այսօրվա փաստաթուղթը փոխզիջումային է և սպասարկում է հայկական կողմերի շահերը, դրանով ինքը բառացի չի ասում, բայց ընդունում է, որ հայկական դիվանագիտությունը այս տարիների ընթացքում գնացել է ճիշտ ուղղությամբ»,­- «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, սակայն, Լևոն Տեր­-Պետրոսյանը չի նշում, որ ղարաբաղյան կարգավորման խոչընդոտը, խաղաղության և փոխզիջումների խոչընդոտը հայկական կողմերը չեն: «Անվանելով Ալիևին ռացիոնալ մտածող գործիչ, ինչպես ինքն է ասել՝ օդում կախված է թողնում, թե այդ ո՞ւմ պատճառով է, որ խաղաղություն հաստատել չի ստացվում, ո՞ւմ պատճառով է, որ փոխզիջում չկա, ո՞ր կողմը պատրաստ չէ փոխզիջումների: Նա չի նշում հասցեատիրոջը:

Եթե ես չլինեի Էդուարդ Շարմազանովը, լինեի ոչ թե Հայաստանի, այլ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի քաղաքացի և կարդայի հարգարժան առաջին նախագահի հայտարարությունը, այնտեղ ես առաջին նախագահի կողմից կտեսնեի ցանկություն փոխզիջումների գնալու և խաղաղություն հաստատելու, բայց ես չէի տեսնի հասցեատիրոջը, թե ո՞վ է այս պահին պատասխանատու, որ չկա խաղաղություն և փոխզիջում: Իսկ փոխզիջում չկա, խաղաղություն չկա, բանակցությունները չեն կարող առաջընթաց ունենալ, քանի որ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը, որքան էլ առաջին նախագահը Իլհամ Ալիևին համարում է ռացիոնալ մտածող գործիչ, իռացիոնալ է տրամադրված: Դրա վառ ապացույցն ապրիլյան պատերազմն էր, դրա վառ ապացույցը Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հայտարարությունների չկատարումն է, Ալիևի հիվանդագին, ցնորամիտ, լկտի հայտարարություններն են «իրենց պատմական հողեր Երևանը և Գորիսը մի օր նվաճելու մասին»:

Մենք մշտապես ասել ենք, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, բայց ամեն գնով խաղաղության մենք պատրաստ չենք: Մենք պատրաստ չենք խաղաղության, որ Ալիևը պատերազմ հրահրի, իսկ մենք այդ ժամանակ ասենք, որ մենք խաղաղություն ենք ուզում: Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք դրա համար քայլեր ձեռնարկում ենք, բայց հարգարժան առաջին նախագահի ելույթն ավելի ամբողջական կլիներ, երբ նա նշեր տարածաշրջանային անկայունության հիմնական մեղավորին, իսկ դա Ադրբեջանն է»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ լիովին կիսում է Տեր­Պետրոսյանի այն կարծիքը, որ նոր պատերազմ հրահրելու դեպքում Ադրբեջանը դառը պարտություն է կրելու և ,մի քանի շրջաններ է կորցնելու:

Շարմազանովն անդրադարձավ նաև հայ­թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի դիտարկումներին: «Տեր­-Պետրոսյանն ասում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում կլուծվի նաև հայ­թուրքական հարաբերությունների հարցը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ հայ թուրքական սահմանի վերաբացումը, հայ­թուրքական հարաբերությունների վերահաստատումը չպետք է կապել ոչ թուրք­կիպրական, ոչ թուրք­սիրիական, ոչ ռուս թուրքական, ոչ էլ ղարաբաղա­ադրբեջանական խնդիրների հետ: Սա ամրագրված է արձանագրություններում: Ես ցանկանում եմ մի հռետորական հարց հնչեցնել՝ իսկ ով է մեղավորը, որ այսօր հայ­թուրքական սահմանը փակ է, ով է 2009թ. հրաժարվել վավերացնել հայ­թուրքական արձանագրությունները, Հայաստա՞նը, իհարկե, ոչ, Թուրքիա՞ն, իհարկե, այո:

Եվ ես սպասում էի, որ պարոն առաջին նախագահը դրա մասին կխոսի: Այն որ մենք Թուրքիայի հետ պետք է գնանք հարաբերությունների հաստատման, այդ մասին հանրապետության նախագահն ասել է դեռ 2009թ. Մոսկվայում, իսկ մեր ամբողջ ֆուտբոլային դիվանագիտությունն ուղղված էր այդ քայլին»,­ ասաց նա: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի այն գնահատականին, որ ազգ­բանակ գաղափարախոսությունը Հայաստանում չի կարող արդյունավետ գործել և դրա ներդրման անհրաժեշտություն չկա՝ Շարմազանովն ընդգծեց, որ ինքն ազգ­բանակ գաղափարախոսության հետ կապված Լևոն Տեր-­Պետրոսյանի գնահատականին ծանոթ է եղել, քանի որ նրա ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկել համապատասխան օրենքի նախագծին, իսկ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդես են եկել հայտարարություններով:

«Անկախ հարգարժան առաջին նախագահի կարծիքից՝ ես և քաղաքական մեծամասնությունը ունենք մեր գնահատականը, հիմնավորել ենք մեր գնահատականը: Ես իմ եզրափակիչ ելույթում ասել եմ, որ ազգ­բանակ գաղափարախոսությունը օրվա հրամայական է, որ այդ գաղափարախոսությունը չի նշանակում Հայաստանի Հանրապետության ռազմականացում, սա այլ բան է: Ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնել և այդ գաղափարին և դրա հեղինակ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

Շատ հարգելով առաջին նախագահի կարծիք արտահայտելու իրավունքը, նրա կարծիքը, այդուհանդերձ, ազգ­բանակ գաղափարախոսության վերաբերյալ ես երկու անգամ ելույթ եմ ունեցել, բազմաթիվ լրատվամիջոցների հարցազրույցներ եմ տվել, և Տեր-­Պետրոսյանի այսօրվա խորը պատմագիտական վերլուծությունից հետո էլ իմ դիրքորոշումը չի փոխվել: և ոչ թե չի փոխվել նրա համար, որ ես աննպատակ սկզբունքային եմ, այլ նրա համար, որ իմ կարծիքն էլ ունի իր շարժառիթները, որոնց մասին ես խորհրդարանում խոսել եմ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս