Ի՞նչ է խոստանում ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում
Հայ ազգային կոնգրես կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր առաջնահերթ խնդիրն է համարում յուրաքանչյուրին հասցնել դրանց գերկարևոր, ճակատրագրական նշանակությունը հայկական պետականության և Հայաստանի ժողովրդի համար։ Այսօր ՀԱԿ համագումարում այս մասին հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը՝ ներկայացնելով ՀԱԿ բանաձևը:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ի խնդիրն է նաև առավելագույնս քաղաքականացնել և ակտիվացնել հասարակական մթնոլորտը, ընտրողին տալ հիմնավոր և համոզիչ կողմնորոշիչներ չխաբվելու և իր շահերից ընտրություն կատարելու համար, համախմբել առողջ, ազգային շահերից բխող մտածելակերպ ունեցող քաղաքական կառույցների, ՀԿ-ների և անհատների ուժերը՝ իշխանափոխության հասնելու և օրինակարգ քաղաքական իշխանություն հաստատելու համար։
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում ՀԱԿ-ը խոստանում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտությունը կարգավորելու և խաղաղության հասնելու համար, վերականգնել նախագահական-խորհրդարանական կառավարման մոդելը և ժողովրդի կողմից նախագահի ուղիղ ընտրությունը, բացահայտել Մարտի 1-ի գործը, պարզեցնել մաքսային-հարկային համակարգը, ներդրումների դեպքում տալ շահութահարկի արտոնություններ, գազի ու էլեկտրաէներգիայի գինը նվազեցնել 25%-ով, վերջ տալ մենաշնորհներին, կոռուպիցային և այլն։