«Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ռուսաստանում է». Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի բնակչությունը դատարկվում է ոչ այնքան անարդարությունների, աղքատության պատճառով, որքան Ղարաբաղյան հակամարտության սպառնալիքների պատճառով: Այս մասին այսօր ՀԱԿ համագումարում հայտարարեց ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Անարդարություններին կդիմանային, չքավորությանը կդիմանային, բայց ամեն ծնող մտածում է, թե ինչ կլինի վաղը իր երեխայի հետ»,- ասաց նա` հավելելով, որ սա միայն հայերին չէ բնորոշ, հազարավոր մարդիկ պատերազմի սպառնալիքի պատճառով արտագաղթել են մեր հարևան Վրաստանից և շատ այլ երկրներից:

Ըստ նրա՝ շատ շահեկան պայմաններում ՀՀ-ն Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման կարող էր հասնել դեռևս 1998 թվականին և այսօր կունենայինք լրիվ այլ Հայաստան. «Ցավոք, մենք կորցրեցինք հարցի լուծման նպաստավոր ժամանակաշրջանը»:

«Այսօր մենք կրկին կանգնած ենք ԼՂ կարգավորման պահը բաց չթողնելու հրամայականի առջև»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանը:

Նա կրկնեց իր նախկին խոսքը, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ռուսաստանում է: Նրա խոսքով` ՀԱԿ-ը միակ կուսակցությունն է, որ երբեք չի թաքցրել, այլևս բազմիցս հայտարարել է փոխզիջման և խաղաղության հասնելու իր դիրքորոշումը:

Լ.Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի Ղարաբաղյան կարգավորման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրով, որը բխում է հայ ժողովրդի շահերից:

Տեսանյութեր

Լրահոս