«Խոզի ազդրամիսը սպառողը ձեռք էր բերում 2200 դրամով, հիմա այն ձեռք է բերում 2800 դրամով. բայց խոզի միսը չի թանկացել». Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող»հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ամանորյա գնաճի մասին, ասաց, որ այն ոլորտներում, որտեղ բրենդային ընկերություններ կան ներկայացված, Հայաստանն սկսում է նմանվել աշխարհի մնացած երկրներին, որտեղ լինում են տոնական զեղչեր.
«Այնտեղ, որտեղ հայրենական արտադրանքը դրանց հետ մրցունակ է, նույնպես հայտարարում է զեղչեր: Իսկ, օրինակ՝ վերամշակում անցած սննդամթերքը չի էժանանում ու մնում է թանկացման պիկում: Թանկացել է հիմնականում գյուղմթերքը՝ միրգ, պտուղ-բանջարեղեն, և մի փոքր էլ՝ միսը: Մսի մասով կարող եմ ասել, որ թեև թանկացումը սպառողի համար շատ ավելին է թվում, բայց իրականում այդքան շատ չէ, քանի որ, օրինակ՝ ամբողջ տարվա ընթացքում խոզի ազդրամիսը սպառողը ձեռք էր բերում 2200 դրամով, հիմա ազդրամսի պահանջարկը մեծացել է ու այն ձեռք է բերում 2800 դրամով: Իրենց թվում է, թե շուկայում խոզի միսը թանկացավ 30%-ով, բայց իրականում՝ խոզի մնացած հատվածները նույնիսկ էժանացել են: Այսինքն՝ երբ մենք արձանագրում ենք գնաճը, ուրեմն՝ պետք է համապատասխան մթերման գների մասով փոփոխություն դիտարկենք»: