«Նշված կաթնամթերքներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, առանձին դեպքերում՝ բորբոսասնկեր». Բաբկեն Պիպոյան

«Ամբողջ տարվա ընթացքում խոսվում էր տարբեր կաթնամթերքների հետ կապված տարբեր խնդիրների մասին։ Խնդիրների մասին խոսվեց հատկապես հասարակական սեգմենտի կողմից իրականացվող մոնիտորինգից հետո և վերջին շրջանում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը(ՍԱՊԾ) կարծես արձագանքել էր նրանց աշխատանքներին ու մոնիտորինգ իրականացրել կաթնամթերքի շուկայում: Բայց, ցավոք, ՍԱՊԾ-ի տարածած հաղորդագրությունը չտվեց շատ հարցերի պատասխաններ։ Ավելին, հաղորդագրությունն այնպես էր կազմված, որ ավելի շատ հարցեր առաջացրեց:

Նրանք գրել էին, որ ուսումնասիրվել է կաթնամթերքի շուկան և որոշ ընկերությունների արտադրած կաթնամթերքներում կան խախտումներ, բայց թե որ ընկերության որ արտադրանքում է խնդիրը, չէր նշվել: Նրանց նշած 20 ընկերություններում հիմնականում չկային խոշոր խաղացողները, մինչդեռ սպառման հիմնական ծավալը չէին ապահովելու այդ ընկերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ իրենց մոնիտորինգը հատկապես այս ժամանակահատվածում են անցկացրել, որովհետև առջում Ամանոր է:

Նա նշեց, որ իրենք չեն կարողացել ստուգել անվտանգության բոլոր ցուցանիշները. «Մենք վերցրել ենք ընդամենը 3-4 անվտանգության ցուցանիշ ու հայտնաբերել այդքան խախտումներ: Թե ինչ կլիներ, եթե ամբողջն ստուգեինք, չեմ կարող ասել։ Այս պահին պետք է, որ գոնե Ամանորին ընդառաջ լիազոր մարմինը հսկողություն իրականացնի այն արտադրանքի նկատմամբ, որոնք սպառելու ենք տոներին»։

Նրա խոսքով՝ ստուգումներ իրականացվել են այն ընկերություններում, որոնց ընդհանուր ծածկույթը գերազանցում է երկրի 80-90%-ը. ««Աշտարակ կաթ», «Թամարա և Անի», «Արզնի կաթ», «Բոնիլաթ», «Բիո կաթ», «Չանախ», «Դուստր Մարիանա», «Մարիլա» ընկերությունների արտադրատեսակները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության: Արտադրատեսակներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, առանձին դեպքերում՝ բորբոսասնկեր: Դրանք մարդու կյանքին վտանգ չսպառնացող մանրէներ են, սակայն առողջության համար վտանգ են ներկայացնում և համարվում են կաթնամթերքի համար անվտանգության չուցանիշներ»:

Նա նաև նկատեց, որ կաթնամթերքի ոլորտում հայերանկան արտադրանքը մրցունակ է, և որևէ ներմուծված ապրանք, ըստ նրա՝ չի կարող գալ և լրացնել հայրենական արտադրության հետ. «Ներմուծված մրցունակ կաթնամթերք Հայաստանում գոյություն չունի»։

Տեսանյութեր

Լրահոս