«Յուրահատուկ ազգ ենք. մշտապես տնտեսական աճ ունենք` ոչ մի աշխատատեղ չի ավելանում, աղքատությունն ավելանում է…»
Մեր զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը
– Անբարենպաստ եղանակի պատճառով Վերին Լարսի անցակետն արդեն տևական ժամանակ հիմնականում փակ է բեռնափոխադրողների համար: Այսինքն` ամեն անգամ ձմռան հետ մեր տնտեսությո՞ւնն էլ է «սառելու». ինչպե՞ս լուծել այս խնդիրը, մեր երկիրը որքա՞ն է կախված մնալու դեպի Ռուսաստան տանող այս միակ ճանապարհից:
– Ճակատագիր է, ի՞նչ կարող ենք անել: Պետք է ավելի արդյունավետ օգտագործենք, պլանավորենք, որ այս ամիսներին հնարավոր են նման բաներ: Ո՞նց են մարդիկ հասցնում հավաքում, ռեզերվ ունենում, և այլն: Պետք է աշխատենք, պետք է օգտագործենք ծովի ճանապարհը, որը մի փոքր շրջանցում է, մի փոքր միգուցե ավելի թանկ է, բայց սա է, մեզ առայժմ սա է տրված: Պետք է զարգացնենք արտահանումը դեպի ասիական շուկա, Իրանի հետ պետք է ավելի ակտիվ աշխատենք, չնայենք, թե մեզ ինչ են հուշում, ինչ են ասում: Չենք կարողանում մինչև հիմա գազ վերցնել այնտեղից: Աշխատել է պետք:
Ինչո՞վ են զբաղված դեսպանները, ես չգիտեմ: Ինչի՞ է պետք դեսպանը, ես չգիտեմ: Մենք այն երկիրը չենք, որ աշխարհի վրա ինչ-որ գեոպոլիտիկ հարցեր լուծենք կամ չգիտեմ ինչ անենք: Մեր դեսպանը նրա համար է, որ, եթե մի երկիր գնացել է՝ նայի, թե ինչ կարող է բերել և ինչ տանել այստեղից: Սա պետք է լինի նրա հիմնական գործը: Երեք բաղադրիչներից դեսպանների հիմնական գործը պետք է լինի տնտեսական կապերի զարգացումը: Մենք քաղաքական ազդեցություն չունենք, ինչ-որ բան չունենք: Պետք է նորմատիվ դրվի դեսպանների վրա` ամեն տարի 1%, 5%, 10% շրջանառությունը բարձրացրեցիր երկու երկրների` մնում ես, այլապես հանում, «ռադ են անում» քեզ այդտեղից: Մտել ես, նստել ես, փող ես ստանում` ի՞նչ ես անում: Միայն մեքենաների համարանի՞շ եք ծախում, անձնագի՞ր եք ծախում: Ինչո՞վ եք զբաղված էդտեղ նստած: Թե՞ դիմավորում, խանութներում ման եք տալիս սրա-նրա կնոջը կամ սիրուհուն: Էդպիսի երկիր, էդպիսի դեսպան չի լինում: Սա է խնդիրը:
– Լավ, իսկ տնտեսվարողներն ի՞նչ անեն այս իրավիճակում:
– Տնտեսվարողները պետք է պլանավորեն: Ի՞նչ կարող են անել: Դեպի Բաքու ճանապարհ չենք կարող գցել, չէ՞: Ի՞նչ անենք: Պետք է պլանավորեն, որ հնարավոր է՝ ձմռանն ինչ-որ հատվածում այդ ճանապարհը փակվում է, թեքվեն դեպի ծովի ճանապարհ, կամ բեռնափոխադրումներն ավելացնեն այն ժամանակ, երբ Լարսը բաց է, որպեսզի այս փակ ժամանակահատվածում փակուղու առաջ չհայտնվեն: Առայժմ սա է տրված, ի՞նչ ունենք անելու: Նորից եմ կրկնում` ասիական ուղղություն, Իրան, այլ երկրների ուղղությամբ պետք է սկսենք ակտիվացնել:
– Դեռ մի քանի տարի առաջ Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտարարել էր, որ պետք է թունել կառուցեն Լարսի այդ հատվածում, որպեսզի եղանակը չազդի փոխադրումների վրա:
– Դե, թունել էին կառուցում, Հյուսիս-Հարավ էին կառուցում, երկաթգիծ էին կառուցում, բայց ոչ մի բան էլ չի կառուցվում: Թղթի վրա, էկրանից, ռադիոյից ամեն ինչ էլ կառուցվում է, դարձել ենք սովետի երկիր, երբ կովերի կաթնատվությունն էլ ռադիոյով 4-5 հազար լիտրի էր հասել, բայց խանութներում կաթ չկար… Նույնն էլ հիմա է, երկաթգիծն էլ չկա, մյուսն էլ չկա, մյուսն էլ չկա… Միայն բառերով է:
– Այս կարգի խոշոր նախագծերը հայտարարելն ու կյանքի չկոչելն ինչի՞ մասին է վկայում:
– Կսկծու, փառք Աստծու… (ժպտում է.- Գ.Խ.):
– Փաստորեն` իշխանությունն իր խոստումները չի կատարում, առավել ևս՝ նախընտրական շրջանում վարդագույն երանգներով է ամեն ինչ ներկայացնում, բայց իրականում մենք այլ բան ենք տեսնում:
– Կյանքը ցույց է տալիս, որ խոսք տալն ու չկատարելն ավելի արդյունավետ է, որովհետև ամեն տարի ընտրությունից ընտրություն իշխանության ձայներն ավելանում են: Իսկ իշխանության գործունեության գլխավոր գնահատականն ընտրողի քվեն է, որ ավելանում է` չկատարելով:
– Բայց ինչո՞ւ է ավելանում:
– Պարզվում է` հենց չկատարելու արդյունքում: Նշանակում է` նման հասարակություն ենք: Մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է: Մեր մոտ ամեն ինչ հակառակն է, ամեն տարի մշտապես տնտեսական աճ ունենք, բայց ոչ մի աշխատատեղ չի ավելանում, տնտեսությունն էլ չի զարգանում: Աղքատությունն ավելանում է, իշխանության քվեներն ավելանում են: Արտագաղթն ավելանում է, ընտրողների թիվն ավելանում է: Մենք յուրահատուկ ազգ ենք:
– Ի՞նչ եք կարծում` առաջիկա ընտրություններում է՞լ է իշխող կուսակցությունն ավելի ձայն հավաքելու:
– Կապրենք` կտեսնենք՝ ինչքան ձայն կհավաքեն: Ինչքան պետք է` այդքան կխփեն: