Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ է անցկացվել

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներից, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից բացի նիստին մասնակցել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ ոստիկանության, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները:

Նիստի օրակարգում 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառների վերաբերյալ և 2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան փաստաթղթերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության վիճակի մասին հարցերն էին:

Օրակարգի առաջին հարցի քննարկման ընթացքում անդրադարձ է եղել 2015թ. ընթացքում դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառներին, վիճակագրական տվյալների հետ միասին բովանդակային վերլուծությամբ վեր են հանվել արդարացման դատավճիռների հիմքում ընկած իրավունքի մեկնաբանության և կիրառման խնդիրները, նաև առկա օրինաչափությունները՝ դրանից բխող հետևություններ կատարելու և դրանք բացառելու վերաբերյալ: Ներկայացվել է 2015թ. ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, Վերաքննիչ քրեական դատարանի, Վճռաբեկ դատարանի կողմից կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունները:

ՀՀ գլխավոր դատախազը, կատարված վերլուծությամբ ի հայտ բերված խնդիրների հաշվառմամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական հետապնդման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության ոլորտում դատախազական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ:

2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան պահանջների, ինչպես նաև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական լիազորությունների իրականացման արդյունավետության իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել նաև ՀՀ ՄԻՊ, ՀՀ ոստիկանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները:

Քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է անչափահասների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության ոլորտում իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը` համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով անչափահասների կողմից հանցագործությունների կանխման, հատուկ և հանրակրթական հաստատություններում քրեածին իրավիճակին նպաստող պատճառների բացահայտման ու դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վրա: Արթուր Դավթյանը կարևորել է անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական և դատավարական գործողությունների առանձնահատկությունը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել այդ գործընթացի իրականացման ոչ միայն իրավական, այլև հոգեբանական և տեխնիկական բաղադրիչներին:

Կոլեգիայի նիստում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս