
Կարեն Կարապետյանն ընդունել է չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ:
Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին:
Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել գործակցություն ծավալել նաև հանրային տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:
Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը և նշել, որ «GSAFETY»-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաև ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործում:
Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը: