Արմեն Երիցյանը ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես պայծառ և ուրախ անձնավորություն
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ԱԻՆ անձնակազմը, քաղաքացիներ:
Ազնիվ, պարտաճանաչ, հայրենասեր. այսպես են նկարագրում Արմեն Երիցյանին նրա հարազատները, գործընկերները և բարեկամները. «Երիցյանին ճանաչում եմ շատ երկրար ժամանակ: Մշտապես աչալուրջ է եղել և իր ասածի խոսքի տեր: Նա ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես միշտ պայծառ և ուրախ անձնավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ճանաչելով նախարարին 25 տարի, նրան նկարագրում է, որպես մարդու ամենակարևոր արժանիքները կրող:
«Ես իրեն ճանաչում եմ 25 տարի և իմ ճանաչած ազնիվ հայերից մեկն էր: Ուներ արժանապատվության և հայրենասիրության խորը զգացում: Երիցյանը չէր տառապում ոչ փողասիրությամբ, ոչ քծնանքով: Ես հպարտ եմ, որ նման ընկեր եմ ունեցել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
«Երիցյանը միշտ իր ազգանվեր և հայանպաստ գործունեությամբ փայլել է: Իր աշխատանքի ընթացքում միշտ եղել է ազնիվ: Նա հասկացել է, որ ոչ մի պաշտոն չի կարելի փոխել մարդ կոչմանը»,- ընգծեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարևորեց նախարարի պրոֆեսիոնալ հատկանիշները:
«Նա եղել է պրոֆեսիոնալ պետական գործիչ, պարկեշտ անձնավորություն: Համոզված եմ, որ բոլորի հիշողության մեջ Արմեն Երիցյանը կմնա, որպես իսկական հայ տղամարդ և սպա: Չկա մարդ, ով իր հետ շփվելով, հիացական խոսքեր չասի նրա հասցեին»,- ընգծեց Շարմազանովը: