Բաժիններ՝

«Ստացվում է՝ պաշտոնատար անձինք իրենց դիմումով պետք է հեռանան, եթե քաղաքական իշխանությունը որոշեց». Գագիկ Ջհանգիրյան

«Պետք է խոստովանեմ, որ առաջինից երկրորդ ընթերցում հսկայածավալ աշխատանք է կատարվել, նախագիծը զգալիորեն բարելավվել է, ընդունվել են բազմաթիվ պատգամավորների առաջարկություններ, այդ թվում՝ նաև իմ մի շարք առաջարկությունները»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ ի վերջո, խմբակցությունը՝ որպես օրենսդրական նախաձեռնության իրավունք, ստացել է իր արձանագրումը, ստացել է նաև խորհրդարանական լսումներ կազմակերպելու արտոնություն։

«Սահմանվել է պառլամենտական վերահսկողության եզրը, լավ է նաև, որ պատգամավորի իրավունքը պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին  ու պաշտոնատար անձանց դիմելու և նրանցից համապատասխան տեղեկություներ ստանալու երաշխիքի օրենքից տեղափոխվել է Մայր օրենք»,- նշեց Գ. Ջհանգիրյանը։

Միաժամանակ նա նշեց, որ կարելի է նաև բազմաթիվ թերություններ գտնել այս փաթեթի մեջ. «Հիմնական բացը, թերացումը վերաբերում է խորհրդարանական  վերահսկողության ամբողջ ինստիտուտին։ Ես հատկապես կարևորում եմ այս խնդիրը։ Նախագծի հեղինակները, կատարելով հսկայածավալ աշխատանք, կարծում եմ՝ դեռևս լիարժեք չեն վերծանել կանոնակարգ-օրենքում Սահմանադրության մեջ արտահայտված Ազգային ժողովի վերահսկողական լծակները։ Ինձ համար անհասկանալի է, թե պատճառը որն է, որ ապագա իշխանությանը չենք տալիս այդ լծակները՝ լիարժեք իրացնելու գործառույթ և մեխանիզմ։ Գուցե պատճառը մեկն է, որ գործադիրը, իր սովորության համաձայն, ցանկանում է ավելի քիչ հաշվետու լինել օրենսդիրին»։

Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ հանձնաժողովում գործադիր մարմինների զեկույցներն ինչո՞վ են տարբերվելու լիագումար նիստում ներկայացվող զեկույցներից, եթե այդ ընթացքում որևէ գնահատական չի հնչելու. «Բայց չէ՞ որ, եթե այդ պաշտոնյան բարեհաջող պաշտոնավարեց իր ժամկետի ավարտը, այս հանձնաժողովը հնարավոր է՝ նրան նորից առաջադրի, բա ինչի՞ց ելնելով պետք է նրան առաջադրի։ Մենք նրան որոշակի ժամկետով ենք նշանակում,  բայց էդ չի նշանակում, որ  ընտրող մարմինը չի կարողանալու նրան հետ կանչել ժամանակից շուտ։ Բա մենք ինչի՞ց ելնելով պետք է իմանանք, որ դատախազը լավ չի աշխատել, թերացել է, իր սահմանադրական լիազորությունները չի գործադրել։ Լինելու է այն, որ նման ընտրված պաշտոնատար անձինք իրենց դիմումով պետք է հեռանան, եթե քաղաքական իշխանությունը որոշեց։ Այդ դեպքում Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունները, հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները որտե՞ղ են մնում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս