«Գրողների, բանակի մարտիկների, մյուսների հետ հանդիպումից հրաժարվեի՞, ի՞նչ անեի, որ լեգիտիմ չկոչվեի». ՀՀ Գրողների միության նախագահի արձագանքը՝ Վահան Արծրունու գրառմանը

Արցախում տեղի ունեցած մտավորականների և նախագահի հանդիպմանը մասնակցած մշակույթի գործիչներն այսօրվա ասուլիսին, պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ կասեն հեղինակ-կատարող Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման, ֆեյսբուքյան էջի արգելափակման, նրան՝ ԱԱԾ կանչելու մասին, պատասխանեցին, որ ծանոթ չեն Արծրունու գրառմանը, և տեղյակ չեն՝ ինչո՞ւ են նրան ԱԱԾ կանչել:

«Ցանկացած մարդ էլ կարող է կանչվել ԱԱԾ, բոլորս էլ ինչ-ինչ պայմաններով կարող ենք առնչվել, հարցեր տան»,- ասաց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը՝ հավելելով, որ չի կարող մեկնաբանել մի բան, որից տեղյակ չէ:

Ասուլիսի մյուս բանախոսները՝ ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ևս նշեցին, որ չեն կարող մեկնաբանել, քանի որ ծանոթ չեն Արծրունու գրառմանը:

Լրագրողները ներկայացրեցին Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառումը, որը տեղադրվելուց հետո, ըստ երգչի՝ արգելափակվել է: «Հարգելի ՖԲ ընկերներ, այս մտավորական արվեստագետներին երեկ հրավիրել էին Արցախ՝ հանդիպելու նախագահի հետ, իսկ ինձ երեկ հրավիրել էին Անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ…  Էլի հանդիպման ու «ռազռաբոտկայի» համար երևի: Հետաքրքիր է, չէ՞, երկու հանդիպման տեսակ նույն իրականության մեջ, թերթեք լուսանկարները և ճանաչեք մեր ազգի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ԼԵԳԻՏԻՄ մտավորականներին՝ պորտրետների զարմանահրաշ համադրություն է: Զրույցի թեման էլ, կարծում եմ, նույնն էր երկու հանդիպումների պարագայում՝ Քաղաքական դիրքորոշումը երկրի ապագա զարգացումների համատեքստում»,- գրել էր նա:

«Ի՞նչ կապ ունի լեգիտիմը… այնտեղ Վահրամ Սահակյանն էլ կար, Հախվերդյան Ռուբենը, մյուները: Եթե հրավիրել են գնալ հանդիպման, ես գրողների, բանակի մարտիկների, մյուսների հետ հանդիպումից հրաժարվեի՞, ի՞նչ անեի, որ լեգիտիմ չկոչվեի»,- արձագանքեց ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Իսկ Արամ Իսաբեկյանը նշեց, որ իրեն էլ են առաջին անգամ նման հանդիպման հրավիրել:

Այն հարցին՝ իրենց չի՞ հետաքրքրում, թե ինչո՞ւ են մշակույթի գործչին ԱԱԾ կանչել, ներկաները պատասխանեցին, որ կհետաքրքրվեն, կպարզեն իրենց կոլեգայի հետ կատարվածը:

 

Տեսանյութեր

Լրահոս