Հայաստանի և Ավստրալիայի միջև ստորագրվելու է ներդրումների խրախուսման համաձայնագիր
Հայաստանի և Ավստրալիայի Միության կառավարությունների միջև ստորագրվելու է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Նախագծով սահմանված են Հայաստանի և Ավստրալիայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:
Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:
Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:
Առանձին հոդվածներով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև գործողության շրջանակները: