«Ես՝ որպես պաշտպանության նախարար, խնդրում եմ՝ մի խոսեք ապրիլյան զոհերի մասին, խոսեք ապրիլյան հերոսների մասին». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց, որ այլախոհությունը միայն իշխանության նկատմամբ անհամաձայնություններ հայտնելու ազատությունը չէ, այլ նաև՝ ընդդիմության կողմից իշխանության տված լուծումներին ականջալուր լինելու շնորհքն է. «Ինչպես այսօր ականատես եղանք՝ մեկ ընդդիմադիրի կողմից մեկ այլ ընդդիմադիրի կարծիքին ըմբոստանալը և վարքագծի բոլոր կանոնները խախտելով՝ արձագանքելը չէ: Այլախոհությունն այն է, երբ մտածում ես, որ բացի քոնից՝ կարող է լինել մեկ այլ ճիշտ կարծիք»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների հնչեցրած մեղադրանքներին, նախարարը խորհուրդ տվեց չափազանց ուշադիր լինել ցանկացած մեղադրանք առաջադրելիս: «Կարելի է ասել ամեն բան, բայց պետք է իմանաս, որ դրան պատասխան կա, և այդ պատասխանը կարող է հնչեցվել: Երբ մենք խոսում ենք Հնդկաստանից միս ներկրելու մասին, պետք է ազնիվ լինենք և ասենք, որ դա բացահայտել է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը: Հայտնաբերել է, պատժել, ֆիքսել, որ Հնդկաստանից բերված միսը լավն է, ուղղակի չի համապատասխանում այն կատեգորիային, որով բերվել է, և համապատասխան տնտեսական սանկցիաները կիրառվել են, բոլոր հետևություններն արվել են: Բայց դա չի կարելի սարքել դրոշ ու ասել՝ մեր բանակում ամեն ինչ վատ է: Բանակում ամեն ինչ ավելի լավ է, քան ոմանք երբեմն փորձում են ներկայացնել: Իսկ այն խնդիրները, որ ունենք, միասին պետք է բացահայտենք ու հատ-հատ լուծելով՝ առաջ գնանք, որովհետև բանակը մերն է, ու մեր փոխարեն ոչ ոք չի անելու»:
Նախարարի խոսքով՝ օրենքում հստակ գրված է՝ որքան գումար է տրվելու յուրաքանչյուր դեպքի համար. «Հնարավո՞ր է, որ պարտադիր հավաքագրված գումարը չհերիքի. իհա՛րկե հնարավոր է: Աստված ոչ անի, որ այդպիսի վիճակ լինի, բայց դա է այս հիմնադրամի ուժը, դրա համար ենք օրենքով սա ընդունում, որպեսզի պետության վրա էլ պարտավորություն լինի՝ այդ դեպքում գտնել բոլոր հնարավոր միջոցները՝ այդ պարտավորությունները կատարելու»:
Նախարարը նկատեց՝ ապրիլյան զոհերի մասին եք անընդհատ խոսում. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, խնդրում եմ՝ մի խոսեք ապրիլյան զոհերի մասին, խոսեք ապրիլյան հերոսների մասին: Չի կարելի հերոսին զոհ սարքել, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է՝ դեպի բանակում չծառայելու ցանկության տարածումը հասարակության մեջ»: