«Ես չգիտեմ ինչո՞ւ են ինձ հրավիրել ԱԱԾ-ի վարչություն կամ ինչո՞ւ է արգելափակվել իմ ֆեյսբուքյան պրոֆիլը, և ընդհանրապես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում». Վահան Արծրունուն հրավիրել են ԱԱԾ
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ երեկ երգիչ, երգահան Վահան Արծրունուն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ստանալու մի քանի հարցերի պատասխաններ: Ազգային անվտանգության ծառայությանը հետաքրքրել է՝ ի՞նչ կապեր ունի վերջինս «Հիմնադիր խորհրդարանի» հետ, եղե՞լ է նա արդյոք Խորենացի փողոցում, ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ապրում:
Երգիչն Արցախում տեղի ունեցած՝ մտավորականության և նախագահի հանդիպման մասին պատմող կայքի հղման տակ, ինչպես նաև ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որը, սակայն, 168.am-ի հետ զրույցում պարզվեց՝ անհասանելի է, այլ կերպ ասած՝ Վահան Արծրունին փաստում է՝ ֆեյսբուքյան իր պրոֆիլն արգելափակված է:
Երգչի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է եղել. «Հարգելի ՖԲ ընկերներ, այս մտավորական արվեստագետներին երեկ հրավիրել էին Արցախ՝ հանդիպելու նախագահի հետ, իսկ ինձ երեկ հրավիրել էին Անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ… Էլի հանդիպման ու «ռազռաբոտկայի» համար երևի: Հետաքրքիր է, չէ՞, երկու հանդիպման տեսակ նույն իրականության մեջ, թերթեք լուսանկարները և ճանաչեք մեր ազգի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ԼԵԳԻՏԻՄ մտավորականներին՝ պորտրետների զարմանահրաշ համարորւթյուն է: Զրույցի թեման էլ, կարծում եմ, նույնն էր երկու հանդիպումների պարագայում՝ Քաղաքական դիրքորոշումը երկրի ապագա զարգացումների համատեքստում»:
168.am-ը կապ հաստատեց Վահան Արծրունու հետ՝ փորձելով ճշտել Ազգային անվտանգության ծառայությունում նրա հրավերի, ինչպես նաև՝ դրա մանրամասների մասին:
– Պարոն Արծրունի, ի՞նչ նպատակով էր կազմակերպված այդ հանդիպումը:
– Դա հանդիպման հեռախոսային հրավեր էր. երբ Ազգային անվտանգությունն է քեզ հրավիրում, չես կարող հրաժարվել: Հետո ինձ էլ շատ հետաքրքիր էր, թե ի՞նչ թեմայով են ինձ այնտեղ հրավիրում և, այսպիսով, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի ԱԱԾ-ի վարչությունում տեղի ունեցավ այդ հանդիպումը: Այդ կապակցությամբ իմ առաջին արձագանքը եղավ ֆեյսբուքյան էջիս, որով արձագանքեցի և զուգահեռներ տարա այս օրերին Արցախում մտավորականների ու նախագահի հանդիպման և այս իրավիճակի միջև, որը, սակայն, ընդհանուր լրահոսում չի երևում, այսինքն՝ իմ պրոֆիլն արգելափակված է: Եթե հիմա փորձեք բացել իմ ֆեյսբուքյան էջը, դրա վերաբերյալ ոչինչ չեք տեսնի:
– Ինչո՞ւ են արգելափակել Ձեր էջը, ի՞նչ եք կարծում:
– Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այսքանով կարող եմ նաև փաստել, որ խախտվել է խոսքի ազատության իմ իրավունքը: Ես առհասարակ չգիտեմ ինչո՞ւ են ինձ հրավիրել ԱԱԾ վարչություն, կամ ինչո՞ւ է արգելափակվել իմ ֆեյսբուքյան պրոֆիլը, և ընդհանրապես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում:
– Ի՞նչ էին Ձեզանից փորձում ճշտել այդ հանդիպումով, պարոն Արծրունի:
– Հարցնում էին՝ ի՞նչ կապեր ունեմ ես «Հիմնադիր խորհրդարանի» հետ, եղե՞լ եմ ես արդյոք Խորենացի փողոցում, և ի՞նչ եկամուտներով եմ ապրում ես, այսինքն՝ ո՞վ եմ ես իմ մասնագիտությամբ:
– Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը:
– Ես դեռևս անհասկանալի իրավիճակում եմ և հենց այսօր պետք է հանդիպեմ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որպեսզի նա լիակատար ձևով պատասխանի՝ արդյո՞ք նման հրավերով չի խախտվել Սահմանադրությունը, և արդյո՞ք ես կարող եմ այս հարցերի շարադրանքն ընդունել և ընկալել՝ որպես քաղաքական ճնշում և սպառնալիք: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ինձ գրավոր պատասխան ներկայացնի այս երկու հարցեր առնչությամբ, որից հետո ես արդեն կտարածեմ իմ մեկնաբանությունները:
– Դուք ինքներդ այս պահին ի՞նչ եք կարծում՝ այդ հրավերով խախտվե՞լ է Ձեր քաղաքացիական իրավունքը:
– Ես, ճիշտն ասած, առաջին հարցը որ տվեցի ինձ հետ հանդիպած գործակալին, հետևյալն էր՝ արդյո՞ք մենք այս հանդիպումով չենք խախտում մեր երկրի Սահմանադրությունը:
– Ի՞նչ պատասխանեցին Ձեզ:
– Ասացին՝ մենք Ձեզ ընդամենը զրույցի ենք հրավիրել, որին ես պատասխանեցի՝ եթե մենք հանդիպեինք սրճարանում, դա կլիներ զրույց, բայց Դուք ինձ հրավիրել եք պետական կառույցից ներս՝ ԱԱԾ-ի Ձեր կաբինետ, իսկ ես, որքանով հիշում եմ, Սահմանադրությամբ նախատեսվում է, որ նման հաստատություններում պաշտոնական հանդիպումը կարող է կայանալ միայն ծանուցագրով: Գիտե՞ք, եթե հիմա դուք ինձ խնդրեք մեջբերել այդ գործակալի ազգանունը, որի հետ եղավ մեր հանդիպումը, ես նույնիսկ չեմ էլ հիշի, որովհետև ո´չ այցեքարտ ստացա, ո´չ էլ հիշում եմ, թե ո՞ւմ հետ եմ մոտավորապես կես ժամ զրուցել ես:
– Պարոն Արծրունի, ասացիք, որ Ձեր ֆեսյբուքյան պատին հայտարարություն էիք տարածել, որտեղ զուգահեռներ էիք տարել Արցախում այս օրերին անցկացվող հանդիպումների և Ձեր՝ ԱԱԾ վարչություն հրավիրվելու մեջ: Այստեղ Դուք զուգահեռնե՞ր եք տեսնում:
– Իհարկե տեսնում եմ, հետաքրքիր երկու հանդիպում է տեղի ունեցել՝ իշխանության կողմից լեգիտիմացված մտավորականների՝ Արցախում երկրի ղեկավարի հետ հանդիպումը, և միևնույն ժամանակահատվածում՝ իմ հրավերը՝ Ազգային անվտանգության ծառայություն: Հիմա ո՞նց կարելի է զուգահեռներ չտեսնել ու չհասկանալ, որ, կոպիտ ասած, գլխիդ սարքվում է…