«Մենք բավականին ճանապարհ ենք անցել և պետք է նորից քայլ անենք դեպի առաջ». Հերմինե Նաղդալյան

«Մեր նպատակն էր` ամբողջ կամքը ներդնելով, մասնակցել բոլոր քննարկումներին` նպատակ ունենալով ունենալ փաստաթուղթ և գործընթաց, որում հասարակությունը մաքսիմալ վստահությամբ կմասնակցի: Իրենց բացակայությունը չի ստվերելու հիմնական խնդիրները, որ այս ընթացքում լուծվել են, և լուծվել են նաև իրենց մասնակցությամբ, և այս խնդիրների լուծումն անօրինակ է:

Նախկինում Հայաստանում մենք ո՛չ ունեցել ենք նման համագործակցության երևութ, ո՛չ ունեցել ենք նման համագործակցության արդյունք: Մենք իսկապես շատ լիահույս ենք, որ այս համագործակցության արդյունքը շարունակական է լինելու, և ոչ միայն՝ փաստաթղթի ձևավորման, մեխանիզմի մշակման արդյունքում, այլև ողջ ընտրությունների ժամանակահատվածում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով նոր ԸՕ փոփոխությունների քննարկումներին «4+4+4» ձևաչափով մասնակցած 6 հասարակական կազմակերպությունների հրաժարումը` ընդգրկվել ԱԺ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում:

Ըստ նրա` մեր երկրում քաղաքացիական հասարակությունը չի սահմանափակվում այն ներկայացուցիչներով ու կազմով, որոնք ուղղակիորեն մասնակցել են այս ձևաչափին: Հ.Նաղդալյանը կոչ արեց կանգ առնել և անդրադարձ անել` գտնելու այն եզրերը համագործակցության համար, որոնք բերելու են ավելի արդյունավետ արդյունքի.

«Այս գործընթացներին շահագրգիռ ենք բոլորս` և՛ քաղաքական ուժերը, և՛ քաղաքացիական հասարակությունը: Բոլորս պետք է քայլ անենք դեպի առաջ, մենք բավականին ճանապարհ ենք անցել և պետք է նորից քայլ անենք դեպի առաջ»:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նպատակն ընտրական տեղամասերում տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում կազմակերպելն է, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ու էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքի մշտադիտարկումը:

Տեսանյութեր

Լրահոս