«Հայաստանն ու Բելգիան համատեղ ուժերով կհետազոտեն 5G ցանցը». Բագրատ Ենգիբարյան
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությունը, վերջին զարգացումները և 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է հետագա ծրագրերի մասին:
Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ նոր է վերադարձել Բելգիայից, որտեղ համատեղ հետազոտություններ անելու բանակցություններ է վարել Լյուվենի համալսարանի հետ:
Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանն ու Բելգիան համատեղ ուժերով
կհետազոտեն 5G ցանցը: Ենգիբարյանը կարևորում է Հայաստանում նման հետազոտությունների իրականացումը՝ նշելով, որ դա լուրջ ձեռքբերում կլինի մեզ համար:
Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ նման հետազոտությունները բացառիկ երևույթ կլինեն Հայաստանի համար, քանի որ մենք մինչև հիմա կենտրոնացած ենք ծրագրավորման վրա:
«Սա հնարավորություն կտա Հայաստանին հետազոտության ոլորտում լուրջ դեր ունենալ, ինչպես նաև կատարել շատ լուրջ հետազոտություններ՝ ներգրավելով հայ գիտնականներին համալսարաններից և Գիտությունների ազգային ակադեմիայից»,-նշում է Բագրատ Ենգիբարյանը:
Սիրարփի Աղաբաբյան