Բաժիններ՝

ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ

Թուրքիան ու Ռուսաստանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը:

Գործակալությանն այս մասին հայտնել է Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեջայի Բերբերը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունը հենց սկզբից եղել է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրը:

«Իրականում Հայաստանը նույնպես ցանկանում է այդ խնդրի լուծումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկիրը մեկուսացնում է արտաքին աշխարհից, ինչը մեծ ազդեցություն է գործում Հայաստանի տնտեսության վրա:

Այդ խնդրի լուծումը, անկասկած, կհանգեցնի տարածաշրջանի կայունությանն ու դրա քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչպիսին, օրինակ, Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն են, սակայն Երևանի ու Անկարայի լավ հարաբերությունների ուղին անցնում է Ղարաբաղով»,- ասել է Բերբերը:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը հավելել է, որ Յըլդըրըմի այցի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծման հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս