«Ղրղըզստանը ևս մեկ քայլ է անում դեպի խորհրդարանական համակարգ տանող ճանապարհին». Աթամբաև
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հաշվարկում է, որ հանրապետությունում անցկացվող հանրաքվեին կմասնակցի ընտրողների ավելի քան 30%-ը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, նա հայտարարել է երկրի ընտրատեղամասերից մեկում քվեարկության ժամանակ:
«Հիմա ես աղոթում եմ Աստծուն, որ հանրաքվեն կայանա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ քվեարությունը ազնիվ է անցկացվում:
«Դա արմատական փոփոխություն է երկրում: Ես երազում եմ, որ ժողովուրդն աջակցի հանրաքվեին, որպեսզի դրական փոփոխությունները երկրում դառնան անդառնալի»,- հավելել է Աթամբաևը:
Նրա խոսքով՝ Ղրղըզստանում նախագահության 5 տարում ինքը հնարավորություն է ունեցել «հանրապետությունը տանել ցանկացած ուղղությամբ»: «Այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում խորհրդարանական համակարգի ուղղությամբ»,- նշել է նա:
Ղրղըզստանում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (կենեշ) ընտրություններ և սահմանադրական բարեփոխումների հանրաքվե:
Նշվում է, որ ընտրություններ են անցկացվում 405 տեղական կենեշներում, որոնց թվում՝ 21-ը՝ քաղաքային, 384-ը՝ գյուղական: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժ. 8.00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 6.00-ին): Ընտրողները հնարավորություն ունեն քվեարկել մինչև 21.00-ն (Երևանի ժամանակով՝ ժ. 18.00-ն):
Ընտրություններին մասնակցում է 35 կուսակցություն: