![](/banners/BeFunky-design.jpg)
Նոբելյան մրցանակաբաշխությունը կայացել է առանց Բոբ Դիլանի մասնակցության
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/CzWJa2VW8AAu9s0_640x420.jpg)
Երեկ Ստոկհոլմի համերգասրահում կայացել է ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և էկոնոմիկայի բնագավառներում Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
9 դափնեկիր Շվեդիայի թագավոր Կառլ ХVI Գուստավի ձեռքից ստացել է մեդալներ և դիպլոմներ:
Գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիր, երաժիշտ Բոբ Դիլանը, որին մրցանակ հանձնելու շուրջ թեժ քննարկումներ էին ծավալվել, հանդիսությանն այդպես էլ չի մասնակցել՝ նման որոշումը բացատրելով ավելի վաղ «իր ստանձնած պարտավորությունների կատարմամբ»:
Դիլանը դարձավ պատմության մեջ առաջին երաժիշտը, որին Նոբելյան կոմիտեն շնորհել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ:
Չնայած նրա բացակայությանը Ստոկհոլմում, հանդիսավոր արարողությանը հնչել է Դիլանի կողմից 1962թ. գրված A Hard Rain’s a-Gonna Fall երգը, որը ներկայացրել է ամերիկացի երգիչ, պոետ Պատտի Սմիթը:
Նոբելյան կոմիտեն հայտնել է, որ մեդալն ու դիպլոմն ավելի ուշ կհանձնվի Դիլանին, հենց «հարմար առիթ ստեղծվի»:
Երաժիշտը Նոբելյան հիմնադրամին էր ուղարկել ելույթի տեքստը, որտեղ շնորհակալություն էր հայտնել իրեն շնորհված բարձր պարգևի համար: