Օպերային երգիչը` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում մահացածի մասին. aravot.am
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի` Մինվոդի քաղաքում կատարած հարկադրված վայրէջքի մասին. 60-ամյա մի ուղևոր վատացել էր, բայց բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը:
«Վայրէջքից հետո այդ մարդու հարազատներն ուզում էին, որ նույն չվերթում թողնեն դիակը, որովհետև ֆինանսական խնդիրներ ունեին հետագայում` նրան Հայաստան բերելու համար, բայց օրենքը նման բան թույլ չէր տալիս»,-գրում է քաղաքագետը, նաեւ հավելում, որ խնդրի մասին իմանալով`ուղեւորները գումար են հավաքել ընտանիքին օգնելու համար։
Արմեն Գրիգորյանը հրապարակել է նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է, որ գումար հավաքողներից մեկը օպերային երգիչ, տենոր ու մարդկային լավագույն որակներով օժտված Լիպարիտ Ավետիսյանն է:
Aravot.am-ը օպերային երգչին խնդրել է պատմել, թե ինչ է եղել ինքնաթիռում, եւ ինչպես են ուղեւորներն արձագանքել մահացածի ընտանիքին օգնելու` իր նախաձեռնությանը:
«Գիշերային չվերթով էինք Երեւան թռչում, եւ մեկ ժամ էր մնում, որ հասնեինք, մեկ էլ պարզվեց, որ իմ թիկունքում նստած տղամարդու ինքնազգացողությունը վատացել էր, կողքին կինն ու տղան էին: Նրան պառկեցրինք, որովհետեւ շատ վատ էր: Կապիտանն էլ որոշում կայացրեց հարկադրված վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Ով ինչով կարող էր՝ փորձեց օգնել: Սրահի վերջում մի տղամարդ կար, որը պարզվեց բժշկական հմտությունների է տիրապետում կամ գուցե բժիշկ է, նա եւս վազեց օգնելու: Ես էլ փորձում էի որդուն հանգստացնել, որը վատ էր զգում հոր համար, հանգստացնող դեղ տվեցինք: Վատացած մարդուն առաջին օգնություն ցույց տվեցինք, շատ թույլ էր պուլսը խփում, արհեստական շնչառության անհրաժեշտություն էլ եղավ: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, բժիշկները շտապ ժամանեցին, բայց մարդու կյանքը փրկել չհաջողվեց: Բոլոր ուղեւորները պահանջում էին, որ դիակը ուղեւորների հետ Երեւան հասնի, որովհետեւ իջեցնելը մարդկային չէ: Այդ պահին բոլորս հուզված էինք, բայց գիտակցում էինք, որ օրենքով դա արգելվում է, եւ դա միայն օդաչուի որոշելիքը չէ»,-պատմեց Լիպարիտ Ավետիսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: