Ինչպե՞ս է փոփոխվելու գույքահարկը. պարզաբանում է Ֆինանսների նախարարը

Հաջորդ տարի գույքահարկի փոփոխությունը վերաբերելու է բոլոր գույքերին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով գույքահարկի վերաբերյալ կառավարությունում մշակվող նոր մոտեցումները:

«Այս պահին աշխատանքային քննարկումներ են կատարվում բոլոր շահագրգիռների հետ, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ձևաչափ և ճիշտ քաղաքականություն ընտրել և ներկայանանք առաջարկով: Կարծում եմ` առաջիկա 2 ամսում աշխատանքները կամփոփենք, ի մի կբերենք, ապա կձևավորվեն առաջարկները»,- ասաց նախարարը:

Ըստ Վ. Արամյանի` այսօրվա դրությամբ խնդիր է ֆիզիկական անձանց կողմից վճարվող գույքահարկը, որի իրական արժեքը պետք է մոտարկվի շուկայականին. «Դա մեկ ուղղություն է, որով մենք աշխատում ենք: Երկրորդ ուղղությունը տնտեսվարող սուբյեկտների համար գույքահարկի մեխանիզմն է, և հիմնական մեխն այստեղ այն է, որ այն տնտեսվարողները, որոնք իրենց մոտ ունեն ակտիվ, որ պարապուրդի է ենթարկված, բայց դա պոտենցիալ ակտիվ է, որը կարող է մասնակցել տնտեսական աճին, այդտեղ պետք է գույքահարկի գործիքակազմ կիրառենք, որ նրա համար հակախթան լինի, որ այդ գույքը պահի պարապուրդում: Կա՛մ նա պետք է վերավաճառի այն, կա՛մ պետք է դրա համար վճարի տուգանային հարկեր: Բայց դրա համար պետք է լավ մտածել մեխանիզմները, որպեսզի խեղումներ չմտցնենք տնտեսվարողների կյանքում»:

Թե ինչպե՞ս կփոխվի գույքահարկը սովորական քաղաքացիների համար, Վ.Արամյանը նշեց, որ, եթե սովորական քաղաքացին տնօրինում է մի գույք, որի իրական արժեքը 5 անգամ ավելի է, քան կադաստրային արժեքը, ակնհայտ է, որ դա պետք է փոխվի.

«Քաղաքացիները՝ որպես այդպիսին, բարձր, միջին և ցածր եկամուտով մարդիկ են: Մենք փորձելու ենք այնպես անել, որ միջին և ցածր եկամուտ ունեցողները գրեթե չզգան այդ բեռը, իսկ բարձր եկամուտով մարդիկ, որ ունեն բավականին թանկարժեք գույքեր, բնականաբար, կարողանան այդ գույքին ադեկվատ միջոցներ հատկացնել պետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս