«Աշխարհին պետք է բացահայտել Հայաստանի ներդրումային գրավչությունը». Սուրեն Կարայան
ՀՀ կառավարությունը մշակել է օտարերկրյա ներդրողների մասին օրենքը և ներկայացրել է օտարերկրյա ներդրողներին` ակնկալելով նրանցից ստանալ կարծիքներ` Հայաստանում ներդրումների պաշտպանվածությունը բարելավելու համար:
Այս մասին այսօր ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ըստ նրա` մշակվելու է հայեցակարգ, և լայն հանրային քննարկումներից հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը:
«Կառավարությունը շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում հարկային, մաքսային ոլորտի բարեփոխումների առումով: Շատ կտրուկ քայլեր են ձեռնարկվում, և գործարար միջավայրի համար շատ շոշափելի կդառնա, թե ինչ փոփոխություններ կիրականացվեն և ինչքան պարզ ու հստակ կլինեն շփումները հարկային մարմինների հետ: Փորձելու ենք բոլոր գործառույթներն իրականացնել մեկ պատուհանի միջոցով»,- ասաց Ս.Կարայանը:
Ըստ նրա` Հայաստանում ներդրումային պոտենցիալի բացահայտման համար երկու ուղղությամբ ակտիվ քայլեր են իրականացնում.
«Առաջինը` Զարգացման հիմնադրամի միջոցով վեր ենք հանում այն խորագրերը, որ կարող ենք առաջարկել պոտենցիալ ներդրողներին: Միաժամանակ մենք ձեռնամուխ ենք եղել ներդրումային ծրագրերի հավաքագրմանը՝ նաև մասնավոր հատվածի հետ: Ստեղծել ենք ծրագրերի հավաքագրման հարթակ, նաև մեր կայքէջում է տեղադրված, թե ինչ եղանակով և ինչ տեղեկություններ պետք է ներկայացվեն»,- ասաց նախարարը:
Ս.Կարայանը թվարկեց ներդրողների աջակցության համար կատարվող քայլերը` Հայկական զարգացման հիմնադրամի շրջանակներոմ բոլոր ներդրողների համար ստեղծվել է մեկ պատուհան, որի նպատակն է՝ աջակցել ԵՏՄ ընձեռած հնարավորությունների հարցերում` ներդրողներին 180-մլն-անոց շուկա առաջարկելու առումով: Նախարարը կարևորեց նաև Իրանի ընձեռած հնարավորությունները:
«Աշխարհին պետք է բացահայտել Հայաստանի ներդրումային գրավչությունը: Այդ նպատակով ֆորումներ կկազմակերպվեն, մեծ դեր ունի դիվանագիտական կորպուսը, որ պետք է ներկայացնի, թե ինչու պետք է ներդրումներ անել ՀՀ-ում»,- ասաց Ս.Կարայանը` վստահություն հայտնելով, որ առաջիկայում կկարողանան մեծացնել օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում: