Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ գործող նախագահին
Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության, Համբուրգի նախարարական խորհրդի օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։