«Թրամփն իր պաշտոնական շփումների մակարդակը կավելացնի». Արտակ Զաքարյան
ԱՄՆ գործող նախագահը շարունակում է մնալ Բարաք Օբաման, և միայն հունվարի 20-ից հետո Դոնալդ Թրամփը կստանձնի նախագահի լիազորությունները, և այդ ժամանակ էլ նա իր պաշտոնական շփումների մակարդակը կավելացնի: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով Թրամփի հետ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցների պարագայում ՀՀ նախագահի հեռախոսազրույցը ԱՄՆ փոխնախագահ Փենսի հետ:
«Մենք պետք է ամեն ինչ անենք և դրանում շահագրգիռ ենք, որ չպակասեցվի ԱՄՆ մասնակցությունը խաղաղության և անվտանգային միջավայրերին, և մենք կարևորում ենք ԱՄՆ դերը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, և կարծում ենք, որ նախագահ Թրամփի պարագայում ԱՄՆ Պետդեպը կշարունակի իր ակտիվ հետաքրքրությունն ունենալ խնդրի խաղաղ կարգավորման գործում»,- ասաց Ա.Զաքարյանը:
Նրա խոսքով` պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծամասամբ չի փոխվել: Ըստ Ա.Զաքարյանի` մտահոգիչ չէ, որ Թրամփը տեղյակ չլինի ԼՂ խնդրից, բայց ԱՄՆ վարչակազմը հենց դրա համար է, որ նոր նախագահներին պատրաստի. «Այդ հարցն անձնական հետաքրքրությունների խնդիր չի կարող լինել: Այդ հարցը Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության անվտանգության ճակատագրի և ապագայի հարցն է և անձնական նախասիրությունների հարց չի կարող լինել: Հետևաբար` ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը կշարունակ ունենալ պրոֆեսիոնալ և պաշտոնական հստակ հավասարակշռված մոտեցում նաև այս հարցում»: