Մարդու իրավունքների միությունը բողոք է ներկայացրել Թուրքիայի վարչապետի օգնականի դեմ
Մարդու իրավունքների միության ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի օգնական Նուման Քուրթուլմուշի դեմ բողոք է ներկայացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Բողոքի համար պատճառ է հանդիսացել դեկտեմբերի 3-ին Քասթամոնույում տեղի ունեցած Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Քուրթուլմուշի կատարած հայտարարությունը: «Մեր պատկերացրած թուրքական մուսուլմանության, մինչեւ այսօր եկած այս մեծ քաղաքակրթության ամենահիմնական հատկանիշներից մեկը անհավատին անհավատ անվանելով նրա դիմաց կանգնել կարողանալն է: Մենք պետք է լրջորեն վերաբերվենք մեր այս անկախությանը»,- հայտարարության մեջ ասել էր Քուրթուլմուշը:
Մարդու իրավունքների միության ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել Քուրթուլմուշի այս հայտարության շուրջ:
Միության բողոքի համաձայն` Քուրթուլմուշի հայտարարությունը խրախուսում է Թուրքիայի ոչ մուսուլման բնակչության դեմ խտրականությունը, խթանում է հասարակության տարբեր հատվածների տարանջատումը, միմյանց նկատմամբ ատելությունը եւ դրանով հանդերձ խախտում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Թուրքիայի կողմից ստորագրված մարդու իրավունքների կոնվենցիան, մարդու իրավունքների, խտրականության եւ կրոնի ազատության հետ կապված միջազգային պայմանագրերի դրույթները, որոնք Թուրքիայի համար պարտադիր են կատարման: