ՀՀ ոստիկանապետը դրական է գնահատել ահաբեկիչների դեմ գործողություններով զինավարժանքի արդյունքները
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքեր և ներկա եղավ հասարակական կարգի պահպանման զորամասերից մեկի մարտավարամասնագիտական վարժանքներին:
Ոստիկանության զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին:
Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ խոնարհեցին սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողներին:
Զինավարժանքը բաղկացած էր մի քանի գործողությունից, որոնցից յուրաքանչյուրում արագ արձագանքման մասնագիտացված խմբերը ներկայացնում էին կոնկրետ իրավիճակի խնդիրներն ու լուծումները:
Առաջին գործողության ընթացքում անհրաժեշտ էր գրավել զինված անձանց տեղափոխող բեռնատր ավտոմեքենա: Խնդրի բարդությունն այն էր, որ մեքենան պետք էր գրավել ընթացքի մեջ: Օգտագործվելու էին ինքնաձիգներ ու սառը զենք:
Հատուկ վաշտի զինծառայողների գործողությունից հետո իր առաջադրանքի իրականացմանն անցավ 2-րդ գումարտակի 1-ին վաշտը՝ փախուստի փորձ կատարող մարդատարի կանգնեցում՝ այնտեղ գտնվող անձանց վնասազերծումով, ինչին հետևում է ձերբակալումն ու ուղեկցումը:
Այնուհետև հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ:
Ամենածավալուն գործողությունն իրականացվեց հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի, 1-ին վաշտի և հատուկ միջոցների կիրառման վաշտի համատեղ ուժերով:
Ահաբեկիչների զավթած շինության ազատագրման գործողության մեջ ներգրավված էին երեք գրոհային խումբ, որոնց կրակային աջակցությունն իրականացնում էին «Տիգր» հատուկ նշանակության և զրահապատ մեքենաները: Գրոհային խմբերն օգտագործում էին տարբեր տրամաչափի գնդացիրներ, լուսաձայնային հատուկ միջոցներ, հրաձգային զենքեր, դիպուկահար հրացան և այլն:
Վարժանքն ավարտվեց ձեռնամարտի և զենքով վարժությունների ցուցադրական ելույթներով:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների հետ քննարկեց զինավարժանքի ընթացքը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները և արդյունքները դրական գնահատելով՝ տվեց կոնկրետ հանձնարարականներ: