«Ամենավերջին խուլիգանի նման է իրեն պահում». Ռուբիկ Հակոբյանը՝ լրագրողի մասին

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լրագրող Վահե Մակարյանին մեղադրում է իրեն խուլիգանի նման պահելու համար: Ըստ նրա` լրագրողի իրավունքն է՝ հարց տալ, իսկ քաղաքական գործչի իրավունքն է՝ պատասխանել կամ չպատասխանել:

«Երբ ավարտվեց հարցազրույցը, տեսաք, լարվածությունը կար, դրանից հետո ինքը ամենավերջին խուլիգանի նման պահեց, նույնիսկ ասաց՝ էթիկայի կանոններն եք խախտում, ես Ձեզ կդաստիարակեմ: Ես հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրուցում, զրուցում եմ պարզագույն խուլիգանի հետ, և հրավիրեցի, որ, եթե դաստիարակելու բան կա, դաստիարակենք»,- ասաց Ռ. Հակոբյանը` նկատելով, որ, ըստ երևույթին, դաստիարակության չափը նրա դուրը չի եկել:

Նա նշեց, որ, եթե հակաօրինական բան կա, Վ. Մակարյանը կարող է դիմել, օրենքի սահմաններում ճշտել, չնայած ինքն ասում էր, որ տղայականով էլ կարող է: Ռ. Հակոբյանի կարծիքով` որևէ հակաօրինական բան չկա. «Տեսեք, երբ տեսնում ես, որ ժուռնալիստը ժուռնալիստ չի, իրեն խուլիգանի նման է պահում, երևի պետք է թույլ չտալ, որ խուլիգանությունը տարածվի: Երբ քննություն լինի, կտեսնեք, եթե հակաօրինական քայլ կա, պատրաստ եմ ներողություն խնդրել»:

Հարցին, թե ինչո՞ւ իրեն պատգամավորի նման չի պահել, Ռ. Հակոբյանը չհամաձայնեց.

«Էդ որտե՞ղ էր ասված, որ ես չեմ պահում… Մինչ այդ մենք զրուցում էինք, խնդրեմ, հրապարակեք այդ հարցազրույցը, որևէ մեկը որևէ վիրավորանք զգա՞ց, որևէ բառ եղե՞լ է, որ էթիկայի կանոններից դուրս է եղել, նույնիսկ նա հայերեն ձևակերպել չգիտի: Դրանից հետո ինքն իրեն զտարյուն խուլիգանի նման է պահել, դրա պատասխանն այն է եղել, որ Ձեր գործընկերներից, պատգամավորներից շատերը զանգել, ուղղակի շնորհակալություն են հայտնել: Ես գտնում եմ, որ լրագրողը պետք է հասկանա, եթե խուլիգան է, թող չթաքնվի լրագրողի անվան տակ՝ միկրոֆոնը ձեռքին, եթե խուլիգան է, խուլիգանի տեղը փողոցն է»:

Տեսանյութեր

Լրահոս