«Ընտրություններից հետո գազի և էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու». Կարեն Կարապետյան

«Պարոն Կարապետյան, ի հեճուկս ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի՝ դուք նախորդ քառօրյայի հարցուպատասխանին չէիք մասնակցում, և գտնվում էիք Մոսկվայում: Կարո՞ղ է սա նշանակել, արդյոք, որ ամեն անգամ, երբ ընտրություն լինի ՀՀ Սահմանադրության և Մոսկվայի միջև, դուք ընտրույուն եք կատարելու հօգուտ Մոսկվայի»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, նման հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ապա պատգամավորը հավելեց. «Ուրախալի է, որ գազի գինն իջել է, սակայն մենք ունենք տխուր փորձ. 2011թ. գազի գինն իջել էր, բայց արդեն ձեր հարազատ ՀՀԿ-ն թաքցրել էր այդ փաստը հանրությունից, և երբ անցան խորհրդարանակն, նախագահական, Երևանի քաղաքապետի ընտրությունները, եկան և ասացին՝ գիտեք ինչ՝ 300 մլն դոլարի պարտք ենք կուտակել, և նախկինում ձեր ղեկավարած «Հայռուսգազարդ» ընկերությունը դարձավ «Գազպրոմ Արմենիա»:

Ունենք փորձ, որ այդ ընտրություններից հետո գազն էլ, էլեկտրաէներգիան էլ մի քանի անգամ թանկացան: Հիմա հարցս հետևյալն է՝ եթե իրադարձությունները ձեր հարազատ կուսակցության համար ընթանան բարենպաստ սցենարով, և, օրինակ՝ ձեր կառավարությունը հանկարծ շարունակի գործել, կարո՞ղ եք արդյոք դուք երաշխավորել երկու բան. առաջին՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի և գազի սակագները չեն բարձրանա, և երկրորդ՝ ՀՀ-ն այս էժանացման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով, շահով, հեռանկարով»:

Ի պատասխան հարցադրմանը՝ վարչապետն ասաց. «Նախահարցի պատասխանը կարծում եմ՝ չեք ակնկալում, իսկ ձեր երկու կետերին պատասխանում եմ՝ այո: Ընտրություններից հետո գազի և էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու»:

Սակայն, Փաշինյանը պնդեց, որ նախահարցի պատասխանն ակնկալում է: Մինչդեռ վարչապետը շարունակեց գլխավոր հարցի պատասխանը. «Ընտրություններից հետո գազի գինը չի բարձրանա, և դրա դիմաց Հայաստանը որևէ ռազմավարական օբյեկտով չի վճարելու»:

Տեսանյութեր

Լրահոս