«Թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում այդքան մեծ իրարանցում չէր լինի, եթե առջևում պառլամենտական ընտրություններ չլինեին». Էդուարդ Շարմազանով
Այսօր ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկվող օրենքը համակարգաստեղծ օրենքներից մեկն է. «Տեղական ինքնակառավարումը մեր պետության ողնաշարներից մեկն է: Առանց կայացած ՏԻՄ-ի և առանց օրենքի՝ մենք չենք կարող խոսել ո՛չ ժողովրդավարությունից, ո՛չ էլ բազում խնդիրներից: Եթե համայնքում ամրագրված չէ, որ սա այս կամ այն պետական գերատեսչությանն է, բնականաբար, դրանով պետք է զբաղվի ՏԻՄ-ը: Ամբողջ աշխարհն է գնացել այդ ճանապարհով, մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով»:
Նա ընդգծեց, որ «Հանրապետական» խմբակցությունը՝ որպես քաղաքական մեծամասնություն, պատրաստ է կառավարության հետ աշխատել և ներկայացնել շատ առաջարկներ: Անդրադառնալով բոնուսային համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին, նա նշեց, որ դրանից միայն ՀՀԿ-ն չի օգտվում. «Եթե Գյումրիում Բալասանյան դաշինքն օգտվում է այդ բոնուսից, ապա Վանաձորում ՀՀԿ-ն բոնուսից չի օգտվել: Այնտեղ բոնուսից օգտվել են «Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն, այսինքն՝ ընդդիմադիր կուսակցությունները»:
Շարմազանովի խոսքով՝ թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում այդքան մեծ իրարանցում չէր լինի, եթե առջևում պառլամենտական ընտրություններ չլինեին: Վանաձորի ՏԻՄ ընտրության մասին խոսելով՝ նա նշեց, որ եղել է փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ընտրվել է քաղաքապետ. «Եթե պետք լիներ, որ ընտրությունը լիներ բաց, ապա օրենքի մեջ կգրեինք՝ բաց»:
«Այս աշունն ապացուցեց, որ ներքաղաքական ծրագրային օրակարգը բացառապես իշխանությունն է ստեղծել, և որն ունի ռազմավարություն: Մեր ռազմավարությունը պայմանավորված չէ կոնկրետ մեկ կամ երկու համայնքով, կամ՝ ընտրություն կլինի՞, թե՞ չի լինի, այլ երկարաժամկետ է և ունի փիլիսոփայություն»,- եզրափակեց նա: