
«Ռուբիկ Հակոբյանի և մեր միջև քննարկումներ չեն եղել, դեռ այդտեղ չենք հասել». Արմեն Ռուստամյան

«Ռուբիկ Հակոբյանի և մեր միջև քննարկումներ չեն եղել, դեռ այդտեղ չենք հասել: Մենք բավականին լուրջ պատրաստվում ենք սեփական ուժերով, մասնակցել ընտրություններին: Այս պահին դա է իրավիճակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` ՀՅԴ-ն խնդիր ունի նաև ընդլայնելու իր համակիրների շրջանակը և ընտրությունների գնալ ավելի մեծ թիմով. «Սա ենթադրում է նաև համապատասխան աշխատանք անձերի, անհատների հետ: Դա էլ տրամաբանական է, որովհետև նոր ընտրակարգն այդպիսի դաշտ է առաջացրել և ընտրակարգի բերած նորույթներին համապատասխան պետք է մարտավարություն ճշտվի:
Այդ առումով, կարծում եմ, մենք լուրջ անելիք ունենք՝ գտնելու այն անձանց, ովքեր կարող են Դաշնակցության հետ նույն տրամաբանությամբ երկրի առջև կանգնած խնդրիների մեջ դերակատար լինել: Եվ բնական է, որ մեր ցանկերում, եթե այդպիսի անհատներ հայտնվեն, պետք է առնվազն կիսեն մեր արժեհամակարգը, որովհետև Դաշնակցությունը, գիտեք, հայտնի է իր շատ հստակ ձևակերպված գաղափարախոսությամբ և որևէ մեկը մեզ հետ չի կարող լինել այդ գաղափարխոսությունը չընդունելով»: