Թուրքիայի ոստիկանությունում կրկին ձերբակալություններ են իրականացրել
Թուրքիայի Հաթայի նահանգում ոստիկանների շրջանում գյուլենականներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com-ը: Հաթայի գլխավոր դատախազության գործողությունների արդյունքում ձերբակալվել են 15 ոստիկաններ:
Ձերբակալության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ոստիկանների բջջային հեռախոսներում հայտնաբերվել է ByLock բջջային հավելվածը, որը համարվում է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոցը:
Ոստիկանների եւ ուսուցիչների շրջանում հետախուզական գործողություններ են կատարվել նաեւ Անթալիայի նահանգում, որի արդյունքում 60 մարդ է ձերբակալվել:
Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, գյուլենականներին սատարելու և 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեջ:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ամեն օր կատարվում են ձերբակալություններ `հիմնականում գյուլենականության եւ հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքներով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նմանօրինակ քաղաքականությամբ ցանկանում է կոտրել իշխանությունների նկատմամբ եղած բոլոր հակազդեցությունները: