Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարը Հայ դատի ջատագով է և բազմիցս այցելել է Հայաստան ու Ղարաբաղ
Ֆրանսիայի Հայ դատի պաշտպանության հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում Ազգային ժողովի սոցիալիստական խմբի նախագահ Բրունո լը Ռուի նշանակումը: Հանձնախմբի նախագահ Մարդիրոսյանի` «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ շեշտվում է, որ լը Ռուն երկար տարիներ հավատարիմ կերպով եղել է հայկական խնդիրների բարձրաձայնման և ներկայացման ջատագով:
«Միասին բազմաթիվ այցեր ենք կատարել Հայաստան և Ղարաբաղ և ամեն անգամ վերահաստատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման մեր վճռականությունը: Նա մեր կողքին է եղել, երբ 2014թ-ին հիշատակում էինք Ժան Ժորեսի մահվան 100-ամյակը, ինչպես նաև 2015թ-ին, երբ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության փոխհատուցումների վերաբերյալ կոնֆերանս անցկացրեցինք` Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Աի ներկայությամբ», նշել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարդիրոսյանը: Նա նաև հիշեցրել է, որ Բրունո լը Ռուի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ են քննարկվել ու քվեարկվել Հայոց ցեղասպանությունն ընդունող ու դատապարտող, ինչպես նաև դրա ժխտումը քրեականացնող օրինագծերը Ֆրանսիայի օրենսդիր մարմնում:
Բրունո լը Ռուն նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար այն բանից հետո, երբ վարչապետ Մանուել Վալսի հրաժարականից հետո ՆԳ նախարար Բեռնար Կազնյոֆը նշանակվել է երկրի կառավարության ղեկավարը: