«Այսուհետ ՏԻՄ մարմինները, սահմանված կարգով, պետք է հաշվառեն տեղական տուրքեր և վճարներ վճարողներին». Վաչե Տերտերյան
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և կից ներկայացված օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Սահմանադրության փոփոխությամբ, քանի որ դրանով ավելի հստակ ձևակերպումներն են տրվել համայնքային խնդիրներին ու դրանք լուծելու նպատակով համայնքներին տրված լիազորություններին:
«Հստակ սահմանել ենք տեղական տուրքեր և վճարներ հասկացությունները, որպեսզի հետագայում հարց չառաջանա, թե որ վճարումները կարող են դիտվել՝ որպես տուրքեր, և որ վճարումները՝ որպես ծառայություններ: Նոր տուրքեր չենք նկարագրել, դրանք արդեն իսկ գործող օրենքում կան, իսկ վճարների մասով ունենք սահմանված նոր վճարներ, որոնք համայնքները ծառայություններ տրամադրելիս կարող են սահմանել:
Այսուհետ ՏԻՄ մարմինները, սահմանված կարգով, պետք է հաշվառեն տեղական տուրքեր և վճարներ վճարողներին, որպեսզի հնարավոր լինի գնահատել կատարվող աշխատանքների ամբողջականությունը, և, ինչո՞ւ ոչ՝ նաև դրանցով հնարավոր լինի վերլուծություններ անել ծառայությունից օգտվողների վերաբերյալ»,- ասաց նա:
Վ. Տերտերյանը նշեց, որ նոր օրենքով գրանցամատյանները կարող են լինել փաստաթղթային և էլեկտրոնային, վերջինիս պարագայում դրանք կտեղադրվեն ինտերնետում.
«Միասնական սկզբունքներ են սահմանել տեղական տուրքերի և վճարների ու դրանց դրույքաչափերի վերաբերյալ, որը նախորդ օրենքում որոշակիորեն խախտված էր: Տեղական տուրքերի տեսակները թողել ենք անփոփոխ, իսկ վճարման տեսակներն ավելացել են»: