«Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս այն փակուղին, որում հիմա գտնվում է Ադրբեջանը». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ի՞նչ էր նշանակում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում նա տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ-ի նկատմամբ, ասաց, որ Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններ միշտ էլ արել է.

«Ադրբեջանի էլիտան միշտ էլ նմանատիպ բաներ է ասում, որպեսզի պահպանի ադրբեջանական հասարակության ոգևորությունը: Այսինքն՝ նմանատիպ հայտարարություններն Ադրբեջանի ներքին շուկայի համար են և քաղաքականության վրա որևէ կերպ չեն ազդում: Կա նմանատիպ հայտարարությունների, իսկ երբեմն՝ գործողությունների ֆորմատ, և այստեղ տեսանելի է, որ Ադրբեջանն այդքան էլ լավ չի հասկանում՝ ինչ անել:

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է Ադրբեջանը. այնտեղ պաշտոնական գրաքննություն կա, այնտեղ կարող են թաքցնել դիակները, իսկ Ղարաբաղի հարցում կոշտ արգելքներ են գործում: Ապրիլյան պատերազմից անցան ամիսներ, բայց ոչինչ չի կատարվում. մարդիկ սկսում են հասկանալ՝ մի՞թե Ադրբեջանը 22 տարի պատրաստվում էր, ծախսում տասնյակ միլիոն դոլարներ, մարդկային կյանքեր զոհում, որպեսզի ձեռք բերի այդ կարտոֆիլի դաշտերը: Ինչ-որ բան պետք է ասել, ու նմանատիպ հայտարարություններ են անում: Դա ինչ-որ տեղ ցույց է տալիս այն փակուղին, որում հիմա գտնվում է Ադրբեջանը»:

Քաղաքագետին խնդրեցինք նաև մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում և միակարծիք են խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մտադրության մեջ:

«Քաղաքական գործիչների հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ: Քաղաքագետը ճշմարտություններով չի խոսում: Թուրքիայում իրավիճակը ծայրահեղ ծանր է բոլոր ուղղություններում, և, մասնավորապես՝ Սիրիայում:

Անկարայի քաղաքականությունը բոլոր արևմտյան պետությունների զայրույթն է հարուցում, և Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերությունների ցուցադրումն այն քաղաքականության մասն է, որով զբաղվում է Թուրքիան: Նա փորձում է ցույց տալ, թե Ռուսաստանն ու Թուրքիան համերաշխ են: Բայց նույն Սիրիայում ռուսական և թուրքական հետաքրքրություններն ուղղակիորեն հակասում են. հենց հիմա Սիրիայում ռուսական և թուրքական զորքերը կռվում են միմյանց դեմ, սպանում մեկը մյուսին: Իսկ այն, ինչ ասում է Չավուշօղլուն, քաղաքական խաղի մաս է»:

Տեսանյութեր

Լրահոս