Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում. Նաիրա Զոհրաբյան

Բազմահազար քաղաքացիների պահանջով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Այո, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- ասաց Ն.Զոհրաբյանը` հավելելով, որ մանրամասներն առաջիկայում կհրապարակի Գագիկ Ծառուկյանը:

Ըստ Ն.Զոհրաբյանի` Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն. «Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջակը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, և բոլոր հարցերի պատասխանը կտա: Որևէ թաքուն, որևէ ոչ հրապարակային քայլ երբևէ չի արվել և չի արվելու: Ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային, ինչպես եղել է միշտ մինչ օրս: Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը պարոն Ծառուկյանինն է»:

«Ես հասկանում եմ, որ շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են: Ես հասկանում եմ, որ ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի բոլոր սցենարները խառնվել են, որովհետև մարդիկ նստել, իրենց համար խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել են երևի իրենց մեջ և Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է, ուրեմն քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է և դրա համար ինսուլին արդեն չկա խանութներում, բայց մեկ բան կարող եմ ասել` ես նայում եմ այդ անորակ գրառումները սոցցցանցերում… գիտեք, չարությունը, կեղտը, ատելությունը բումերանգի նման վերադառնալու է բոլոր նրանց: Փոքր է քաղաքական դաշտը, բոլորս էլ գիտենք, թե այդ ֆեյքերը որ քաղաքական ուժի տիրույթում են գործում և, երբ հետևում ես, հասկանում ես, որ հասկանալի է այդ մարդկանց խուճապը, որովհետև այո’, Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով բոլոր, առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են և դա փաստ է»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Ն.Զոհրաբյանը բացարձակ ապատեղեկատվություն որակեց այն, որ Գ.Ծառուկյանն իր վերադարձը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ: Նա շեշտեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մասնակցությունն այս կամ այն քաղաքական գործընթացներին:

«Գագիկ Ծառուկյանը գալիս է, վերադառնալու է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»,- ասաց նա:

Ըստ Ն.Զոհրաբյանի` մտավախություն չկա, որ օդում կախված մեղադրանքները նորից ի հայտ կգան, քանի որ դրանք 1.5 տարի հանգամանալից, «ճյուղ առ ճյուղ, տերև առ տերև» հարկային մարմինները մանրամասնությամբ ստուգել և հրապարակել են:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանն իր վերադարձի հարցը համաձայնեցրե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Ն.Զոհրաբյանը հորդորեց բոլոր հարցերն ուղղել Գ.Ծառուկյանին. «Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, և ես բարոյապես կոռեկտ չեմ համարում քննարկել և վերլուծել մարդիկ մարդկային հարաբերություներում ինչ են քննարկում և ինչ չեն քննարկում»:

168.am-ի հարցին, թե մտավախություն չկա՞, Գագիկ Ծառուկյանի վերադարձով կրկին արյունահեղության վտանգ կստեղծվի, Ն.Զոհրաբյանը պատասխանեց` ոչ. «Բոլոր հարցերը կուղղեք պարոն Ծառուկյանին, Դուք առաջիկայում դրա հնարավորությունը կունենաք»:

Ն.Զոհրաբյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն այս պահին որևէ քաղաքական ուժի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկում: Նա կոչ արեց ոչ իշխանական բոլոր այն ուժերին, որոնց նպատակը ազատ, արդար ընտրություններն են, միավորվել` պայքարելու ընտրողի քվեն պաշտպանելու համար. «Այս պահին դաշինքային այլ ֆորմատ ԲՀԿ-ն չի քննարկում»:

Տեսանյութեր

Լրահոս