
«Երբ Ռոնալդուն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», մնացածը ստիպված էին մոռանալ հայելու մասին». Ռայան Գիգս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և նախկին մարզիչ Ռայան Գիգսը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին անվանել է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ինքը երբևէ խաղացել է նույն թիմում: Գիգսը հայտնել է նաև, որ Ռոնալդուն երբեք չի կարողացել անցնել հայելու մոտով՝ չնայելով իրեն:
«Մարդիկ մոռանում են, որ Ռոնալդուն հեշտ կարիերա չի ունեցել, բայց նա մինչև հիմա անում է ամեն ինչ, ինչ կարող է, որպեսզի լինի լավագույնը: Նա անհավանական մարզիկ է և ֆուտբոլիստ, լավագույնը, ում հետ ես բախտ եմ ունեցել խաղալ:
Շատ հաճելի էր նրա հետ լինել հանդերձարանում, քանի դեռ խոսք չէր գնում հայելու մասին: Սկզբում մեզ մոտ Բեքհեմն էր, ով զբաղեցնում էր այդ տեղը, բայց երբ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց Կրիշտիանուն, նա փոխարինեց Բեքսին հայելու առջև:
Մնացածը ստիպված էին լինում շատ երկար սպասել»,- Գիգսի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը