Բաժիններ՝

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ». Հակամարտության պատմության նոր էջը

Դեկտեմբերի 3-ին Երևանի ժամանակով 19:15-ին ֆուտբոլային աշխարհը կրկին կբաժանվի 2 մասի: Հենց այդ ժամին տեղի կունենա ֆուտբոլային աշխարհի ամենակարևոր հանդիպումներից մեկը՝ Էլ Կլասիկոն: Եվ հաշվի չառնելով կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» անցկացրած խաղերը ողջ մրցաշրջանի ընթացքում՝ պետք է հիշել, որ այս թիմերը Կլասիկոյին պատրաստվում են ոչ թե հարյուր, այլ 101 տոկոսով:

«Բարսելոնա»

Չնայած այն բանին, որ կատալոնական ակումբի խաղը հիմա շատ է քննադատվում, պետք է հաշվի առնել, որ կատալոնացիները արդեն 6 միավորով զիջում են սերուցքայիններին: Սա հաղթելու լրացուցիչ մոտիվացիա է Լուիս Էնրիկեի սաների համար: Զարմանալի է, բայց այս մրցաշրջանում «Բարսելոնան» շատ խնդիրներ է ունենում պաշտպանությունում: Այս անգամ այդ խնդիրները ավելացել են վնասվածք ունեցող ֆուտբոլիստների պատճառով: Մաթյոն հստակ չի մասնակցի հանդիպմանը, Ալբայի մանսակցությունը մեծ հարցականի տակ է, Պիկեն նոր է ապաքինվել վնասվածքից և դեռևս ունի անհանգստացնող ցավեր: Վնասվածքից նոր է ապաքինվել նաև Անդրես Ինիեստան, առանց ում դժվար է պատկերացնել կատալոնացիների խաղը կենտրոնում:

Կատալոնական ակումբի համար այս խաղը շատ կարևոր է, այնպես որ կատալոնացիները ամեն ինչ անելու են հաղթելու համար: Դրան կարող է նպաստել Մեսսիի հրաշալի խաղը: Մեսսին շատ լավ մարզավիճակում է և գոլ է խփում անգամ այն խաղերում, որտեղ «Բարսելոնան» շատ վատ է հանդես գալիս: Երկար ժամանակ է գոլ չի խփել Լուիս Սուարեսը: Ուրուգվայցին իր գոլերի ծարավը կարող է հագեցնել հենց այս կարևոր հանդիպումում:

Չնայած վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին և վերջին անփառունակ խաղերին՝ կատալոնական ակումբը պատրաստ է Կլասիկոյին: Անգամ անելանելի իրավիճակներում կատալոնացիները ունեն փառահեղ MSN եռյակ, ստեղծարար Ինիեստա և 70 հազար երկրպագուներ՝ «Կամպ Նոուում»:

«Ռեալ Մադրիդ»

Արքայական ակումբը գլխավորում է Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը, պարզապես հիանալի է խաղում և հաղթում է գրեթե բոլոր հանդիպումներում: Կարծես թե Զիդանը գտել է, թե ինչպես է պետք ճիշտ մոտիվացնել մադրիդցիներին:

Թվում է, թե մադրիդցիները խաղի ակնհայտ ֆավորիտն են, սակայն, ինչպես կատալոնացիների պաշտպան Ժերարդ Պիկեն է ասում, «Ռեալը» կարող է իրեն թույլ տալ պարտվել: Մադրիդցիների պարտությունը Կլասիկոյում ճակատագրական չի լինի, այնպես որ նրանք կարող են խաղին ավելի հանգիստ մոտենալ:

Այս թիմերի մեջ տեղի ունեցած վերջին խաղի ընթացքում Զիդանը հստակ հասկացրեց, որ գիտի, թե ինչպես է պետք խաղալ կատալոնական պաշտպանության դեմ:

Մադրիդցիները իհարկե կզգան Գարեթ Բեյլի բացակայությունը, ով վերջերս է վիրահատվել: Արքայական ակումբի կազմում կբացակայեն նաև Ալվարո Մորատան և Տոնի Կրոսը: Հարցականի տակ է Կոենտրաուի մասնակցությունը:

Կարելի է անվերջ խոսել Էլ Կլասիկոյի պատմության մասին, ներկայացնել մեծ քանակով վիճակագրություն, հիշել շատ մանրամասներ, բայց յուրաքանչյուր Էլ Կլասիկո ինքնին պատմություն է: Պետք է մոռանալ այս թիմերի անցկացրած բոլոր խաղերն ու գրանցած արդյունքները, քանի որ Էլ Կլասիկոն գրքի մաքուր էջ է, որտեղ գրվելու է նոր պատմություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս