Կալանավորվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալը
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ինչպեստեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, կիրառվել է կալանավորումը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության աշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ երեք աղջիկներ՝ Ալլա Կ.-ն, Լուիզա Չ.-ն և Դիաննա Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:10-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել են 3 դատապարտյալների հետ։
Մասնավորապես՝ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին և Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված և անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: