«Միայն ագրեսիայի դեպքում է գործում այս ամենը, այս զորամիավորումը չի կարող գնալ այլ պետություն»». Վաղարշակ Հարությունյան

«Այս փաստաթուղթը նորություն չէ. այն շարունակությունն է ՀԱՊԿ պայմանագրի, Հայ-ռուսական բարեկամության մեծ պայմանագրի: Սա Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում Հայաստանի անվտանգությունն ապահովելու խնդիրն է լուծում: Ինչպես պետք է Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան լուծի այդ խնդիրը, եթե Հայաստանի վրա հարձակում է լինում. բնական է, նա՝ մեր զինված ուժերի հետ միասին, ունենալով գործողությունների ընդհանուր ծրագիր, ընդհանուր զորքեր, պետք է այդ խնդիրը լուծի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Մոսկվայում ստորագրված  հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագրին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրի նորությունն այն է, որ, եթե այն ժամանակ անվտանգության ապահովման խնդիրները լուծվում էին նախարարությունների մակարդակով, ապա հիմա երկու փոփոխություն է եղել. «Դա բերվել է միջպետական մակարդակի, ավելի հստակեցվել են բոլոր հարցերը, և սա ի հայտ է եկել այս պահին, որովհետև ձևավորվում է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանային խմբավորում: Իսկ մամուլում շրջանառվող մտավախությունները ես համարում եմ արհեստական. եթե քննարկվեր Բազայի պայմանագիրը՝ պե՞տք է մենք բազա ունենանք, թե՞ ոչ, պե՞տք է ՀԱՊԿ մտնենք, թե՞ ոչ, դա ինձ համար հասկանալի կլիներ, բայց քանի որ մենք համաձայնել ենք, ու սա շարունակությունն է, ապա այդ քննարկման լուրջ հիմնավորում չեմ տեսնում: Ասում են, որ այս խմբավորումը կարող է օգտագործվել այլ պետությունների դեմ. այս պայմանագրում հստակ նշված է, որ այս խմբավորումը գործում է 1995թ. ստորագրված Բազայի պայմանագրի և 1997թ. ստորագրված Հայ-ռուսական բարեկամության մեծ պայմանագրի հիման վրա: Միայն ագրեսիայի դեպքում է գործում այս ամենը, այս զորամիավորումը չի կարող գնալ այլ պետություն»:

Նրա խոսքով՝ եթե, օրինակ՝ Թուրքիան մեզ հետ պատերազմ սկսի, առանց Ռուսաստանի օգնության չենք կարողանա կռվել: «Թուրքիայի բանակն այսօր երկու միլիոն է, դրա դեմ մենք լավագույն դեպքում 400 հազարանոց բանակ կարող ենք հանել, իսկ ըստ այս պայմանագրի՝ զորքերի մնացած մասը պետք է ապահովի Ռուսաստանը: Եվ եթե պատերազմ սկսվեց, այն կընթանա ոչ միայն հայ-թուրքական սահմանում, այլ նաև Սև ծովում: Կողմերի համաձայնությամբ, կախված իրավիճակից՝ հրամանատարությունը ստանձնելու է կամ հայկական, կամ ռուսական կողմը: Եթե իրավիճակը գնահատենք մեզ համար ոչ շահեկան, ապա չենք համաձայնի: Այնպես որ, վերջնական որոշումն ընդունում է հայկական կողմը»,- ասաց նա՝ հավելելով, որ ռազմական վտանգ մեզ սպառնում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Նա բերեց Եվրոպայի օրինակը, որտեղ ՆԱՏՕ-ի միավորված ուժերը ղեկավարում է ամերիկյան գեներալը. «Որովհետև ՆԱՏՕ-ի ֆինանսավորման 70%-ը և հիմնական ուժերը, միջուկային զենքն ունի միայն Ամերիկան: Այնպես որ, այս տրամաբանությունը գործում է բոլոր տեղերում»:

Հարցին՝ այս պայմանագրով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի, հայկական բանակի վրա էլ ավելի չի՞ մեծանում, նա այսպես պատասխանեց. «Երբ ստորագրեցինք Բազայի պայմանագիրը, Ռուսաստանն ունեցավ իր ազդեցությունը, ու մենք դրան համաձայնել ենք: Եթե նա մեզ ապահովում է ներքին գներով զենք-զինամթերքով, «Իսկանդերով», բնական է… Իսկ ամերիկյան բանակն ունի՞ ազդեցություն Գերմանիայի վրա, իհա՛րկե ունի: Ռուսաստանն իր ազդեցությունը չի մեծացնում, նա ունի ազդեցություն, որը բխում է մեր շահերից:

Ես չեմ կիսում այդ մտավախությունը, որովհետև դա ուղղված է Ռուսաստանի դեմ: Եթե այդ տեսանկյունից նայում ենք, ապա ՆԱՏՕ-ի հետ ենք համագործակցում, ստորագրել ենք փաստաթուղթ, բայց ՆԱՏՕ-ն իր վրա որևէ պատասխանատվություն չի վերցնում: Սակայն մենք՝ ՆԱՏՕ-ի հետ միասին, Աֆղանստանում պատերազմում ենք. Հարց է առաջանում ՝ մեր շահը ո՞րն է, որ մենք Աֆղանստանում պատերազմում ենք: Ինչո՞ւ այդ մարդիկ այդ մասով չեն մտահոգվում: Կամ, եթե Վենետիկի հանձնաժողովը մեր օրենքները ստուգում է ու ասում՝ սա ճիշտ է, սա՝ սխալ, դա ինքնիշխանությունը չի՞ սահմանափակում»:

Նրա խոսքով՝ ցանկացած կառույցի անդամակցելիս՝ ինչ-որ բան զիջում ես, բայց փոխարենը՝ որևէ բան ստանում ես. «Հակամարտող պետությունների նպատակներից մեկն այն է, որ ամեն ինչ պետք է անես՝ քո հակառակորդ երկրի ու նրա դաշնակցի հարաբերությունները փչացնես: Հիմա այն, ինչ ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից»:

Տեսանյութեր

Լրահոս